Ինչ է հուշում ռազմական դրությունը

Սեպտեմբեր 27-ին, այն բանից հետո, երբ պարզ դարձավ Ադրբեջանը Թուրքիայի գործուն աջակցությամբ պատերազմ է սանձազերծել ընդդեմ Արցախի՝ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այս մասին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հանդես գալով ելույթով` հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա: Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը», - շեշտել է նա:

Արցախում, որտեղ մինչ այժմ թեժ մարտեր են ընթանում՝ ռազմական դրության հայտարարումը միանգամայն հասկանալի է: Ավելին՝ այն սպասված քայլ էր բոլոր առումներով, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ պետությունը պարտավոր է ստեղծված պատերազմական իրավիճակում ապահովել հասարակության անվտանգությունը:

Հայաստանում ևս ռազմական դրություն հայտարարվեց: Նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ», գրեց նա իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման մեջ, որը հրապարակված է e-gov.am պաշտոնական կայքէջում, ասված է. «Հաշվի առնելով 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից.

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:
2. Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես»:
Կառավարությունից հրապարակել են նաև որոշման հավելվածը ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:
2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:
3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:
4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:
6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

II. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ
7. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16:00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

IV. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
9. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

10. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

11. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:
12. Որպես քաղաքացիական պաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
13. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:
14. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից»:
Հավելենք, որ սեպտեմբեր 27-ին Ադրբեջանի խորհրդարանն օրվա երկրորդ կեսին հրավիրված դռնփակ նիստի ընթացքում որոշեց երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն և պարետային ժամ հայտարարել։ Ըստ Թերթ.ամ-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում մասնակի զորահավաք կազմակերպելու մասին, համաձայն որի՝ զորակոչի և հավաքագրման պետական ծառայությանը հրամայվել է հաստատված ծրագրերին համապատասխան ապահովել զինապարտների զորակոչն ու ռազմական-տրանսպորտային միջոցառումների իրականացումը:
Այսպես, Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրություն է սահմանված, ինչը թերևս նշանակում է, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված բոլոր կողմերը կազմակերպում են իրենց պետությունների անվտանգությունը:

Նկատենք, որ Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվել, սա առաջին դեպքն է: Մինչ այժմ՝ հայտարարվել են արտակարգ դրության ռեժիմներ:

Օրինակ՝ 2008թ. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին, որում ասվում էր. «ՀՀ-ում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ. 1. Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն: 2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցերի կանոնակարգման և իրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին: 3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները՝
1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում, 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում, 4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում, 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում, 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում, 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով»:

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո հայաստանյան մամուլը սահմանափակումներ ուներ, ըստ էության հնարավորություն չուներ տպագրվելու:

Իսկ ավելի վաղ Հայաստանում հայտարարվել են արտակարգ դրության ռեժիմներ՝ հետևյալ տարիներին. 1991թ. դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է երեք ամիս ժամանակով արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ։ 1992թ. մարտի 14-ին 15-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել Արթիկ քաղաքում և սահմանվել պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը։ Պատճառը նախկին խորհրդային ՀՕՊ գնդի հրամանատարի մասնակցությամբ զինված ընդհարումներն էին, որոնց արդյունքում 4 մարդ էր զոհվել և կային պատանդներ։ 1992թ. հունիսի 22-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ արտակարգ դրություն է սահմանվել Կապանի և Մեղրու շրջաններում։ 1992թ. հուլիսի 29-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել Կրասնոսելսկի շրջանում (Ճամբարակ), Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում։ 1993թ. փետրվարի 8-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն էր սահմանվել Արմավիրի շրջանում հայ-թուրքական սահմանամերձ գոտում հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Արտակարգ դրությունը սահմանվել էր մեկ ամիս ժամկետով, սակայն հինգ օր անց այն չեղյալ է հայտարարվել։ 1996թ., երբ ընդդիմությունը վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքները և դուրս էր եկել փողոց, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին «Իրավիճակից թելադրվող անհետաձգելի միջոցառումների մասին» հրամանագիր ստորագրեց, որը նորանկախ ՀՀ առաջին արտակարգ դրությունն էր երկրի ողջ տարածքում:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները արտակարգ դրություն են սահմանել երկրում տարբեր իրավիճակներում, նույնիսկ՝ ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանում՝ 90-ականների սկզբին:

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը նախընտրեց ռազմական դրությունն այն դեպքում, երբ Արցախում արդեն իսկ ռազմական դրություն էր հայտարարվել: Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ քանի որ առաջին անգամ գործ ունենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետ՝ պարտավոր ենք զգոն լինել նաև Հայաստանին սպառնացող վտանգի համար, և այդ համատեքստում կազմակերպված լինել բոլոր առումներով՝ սննդի, դեղորայքի ապահովումից սկսած՝ մինչև Զինված ուժերը անհրաժեշտ պատրաստվածության բերելու առումով:

Սակայն, չի կարելի բացառել, որ ռազմական դրությունն իշխանությանը հնարավորություն ընձեռի թե՛ մամուլի, թե՛ քաղաքական ուժերի նկատմամբ զսպման լրացուցիչ գործիք դառնալ: Պարզ է, որ պատերազմական վիճակը խաղի իր կանոններն ունի, բայց քանի դեռ Արցախում է պատերազմ և Արցախում է հայտարարված ռազմական դրություն՝ Հայաստանում ռազմական դրության սահմանելու հարցում ՀՀ իշխանությունները, թերևս, փոքր-ինչ շտապեցին:

դիտվել է 6809 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am