Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ոստիկանության «Կարմիր բերետները»
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։ Վերջիններիս աշխատանքը տեղում ղեկավարել է Միքայել Այվազյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղևորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլ մեքենաներից մեկը հայտնվել էր կիսակառույց շինությունում։