Պուտին-Էրդողան ընդհարումից րոպե առաջ. Նոր սպառնալիքի շեմին

Անցած օրերին կրկին սրվել է թուրք-սիրիական ճգնաժամը, և դրա համատեքստում մեծացել է ռուս-թուրքական հարաբերություններում լարման հավանականությունը: Սիրիայի Իդլիբ նահանգում Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև մարտեր են: Մոսկվան ու Անկարան աջակցում են հակադիր կողմերին:

Մի քանի օր առաջ Թուրքիան, ի պատասխան Իդլիբում իր զինվորականների հրետակոծության, հարվածներ էր հասցրել սիրիական բանակի 115 թիրախների։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, ասվում էր. «Տարբեր աղբյուրներից վերջին տեղեկատվության համաձայն, ի պատասխան հարվածներ են հասցվել ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) 115 թիրախների։ Չեզոքացվել է ռեժիմի 101 զինվոր, ինչպես նաև երեք տանկ, երկու հրետանային դիրքեր և մեկ ուղղաթիռ։ Ինքնապաշտպանության շրջանակներում շարունակվում են նշված թիրախներին հարվածները»,- ասվում է հայտարարության մեջ։ Նախկինում Անկարան հայտարարել էր սիրիացիների կողմից հրետակոծության հետևանքով հինգ թուրք զինվորների զոհվելու և հինգի վիրավորվելու մասին։

Անցած օրերին հայտնի դարձավ, որ սիրիական Իդլիբում թեժ մարտեր են, մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։ Հաղորդվեց, որ Ասադի կառավարական բանակի ուղղաթիռներից մեկը կործանվել է. օդաչուն զոհվել է, այլ մանրամասներ հայտնի չեն: Միջադեպից ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր. - «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր զինվորների մահվան համար, շատ բարձր գին կվճարեն»: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այսօր ավելի ուշ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց կունենան այս թեմայով: Ռուսաստանը՝ Իրանի հետ, Սիրիայի կառավարության երաշխավորն է, ուստի և պետք է կանգնեցնի այս արյունահեղությունը, հայտարարել է Անկարան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտեց, որ Սիրիայի կառավարությունը «շատ բարձր գին» կվճարի թուրքական ուժերի դեմ գործողությունների համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսելով Իդլիբի գոտում Թուրքիայի և Սիրիայի միջև հասունացող հակամարտության կարգավորման ուղիների մասին՝ շեշտել է, թե «ներկա պահին մենք ավելի կարևոր ենք համարում Սոչիի պայմանավորվածությունների կատարումը»: «Սա եղել է և մնում է անչափ կարևոր»,- ասել է նա: «Եվ, իհարկե, ցանկացած ահաբեկչական ակտիվության կանխումը, որն ուղղված է Սիրիայի զինված ուժերի և ռուսական ռազմական օբյեկտների դեմ: Մենք Իդլիբից ցանկացած հարձակում անթույլատրելի ենք համարում»,-նշել էր Պեսկովը:
Կրեմլում մեծ մտահոգություն են հայտնել Իդլիբում ահաբեկիչների «արտոնյալ վիճակի» կապակցությամբ և հիշեցրել Թուրքիայի պատասխանատվության մասին այս գոտում Սոչիի հուշագրին համապատասխան կարգավորման համար: «Այս իրավիճակը Կրեմլին մտահոգում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս ահաբեկչական խմբավորումները երկար ժամանակ Իդլիբի գոտում իրենց բավական արտոնյալ են զգում: Եվ գլխավորը՝ ոչ միայն իրենց ուղղակի արտոնյալ են զգում, այլև սիրիացիների և մեր օբյեկտների դեմ հարձակումներ և ագրեսիվ գործողություններ են կազմակերպում»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ այս իրավիճակի կարգավորման պատասխանատվությունն արդյոք թուրքակա՞ն կողմի վրա է, Պեսկովը պատասխանել է. «Դա գրանցված է Սոչիի համաձայնագրի տեքստում, մենք ոչ մի գնահատական չենք տալիս, մենք արձանագրում ենք ստորագրված փաստաթղթի տեքստը, այստեղ որևիցե գնահատական և մեկնաբանություններ թույլ տալու տեղ չկա»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 10-ին ի պատասխան Իդլիբում գնդակոծության, որին զոհ էին գնացել Թուրքիայի 5 զինծառայողներ, թուրքական հրետանին հարվածներ էր հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին: «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ այդ հարվածների հետևանքով չեզոքացվել են 101 սիրիացի զինծառայողներ, խփվել է Սիրիայի ԶՈՒ ուղղաթիռ:

Թուրքիայի իշխանություններն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Իդլիբում թուրք զինվորականները հայտնվել էին սիրիական կառավարական ուժերի հրետանային գնդակոծության տակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գնդակոծության հետևանքով զոհվել է 8 մարդ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պնդել էր, որ թուրքական զինված ուժերը ի պատասխան գնդակոծության հարվածներ են հասցրել սիրիական ուժերի 54 թիրախների և ոչնչացրել սիրիացի 70-ից ավելի զինվորի:

Իր հերթին Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում անհրաժեշտ միջոցներ կիրառել, որպեսզի սանձվեն թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, նրա կողմից Սիրիայում և Լիբիայում ահաբեկիչների անսահման աջակցությունը։ Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Թուրքական ռեժիմը շարունակում է Սիրիայի տարածքի ինքնիշխանության և անձեռնմխելիության դեմ ագրեսիան՝ ավելի շատ ռազմական ուժ քաշելով Իդլիբ և Հալեպ, հարձակվելով բնակելի թաղամասերի և սիրիական զինվորականների դիրքերի վրա՝ փորձելով փրկել իր գործիքներին՝ ահաբեկչական խմբավորումներին, որոնք պարտություն են կրում Սիրիական բանակի ճնշման ներքո։

ՍԱՀ-ը կրկին հաստատում է իր հողում ցանկացած թուրքական ներկայության կտրուկ մերժումը, որը իրենից ներկայացնում է իր ինքնիշխանության դեմ ոտնձգություն, Իդլիբի ապառազմականացման գոտու հետ կապված միջազգային նորմերի, Աստանայի հայտարարությունների և Սոչիի պայմանագրերի աղաղակող խախտում։ Այս ամենը վկայում է Էրդողանի «օրենքից դուրս ռեժիմի» և նրանց կողմից իրենց վրա վերցրած պարտականությունները չկատարելու մասին»։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ հաստատված է, որ Թուրքիայի ագրեսիան չի հանգեցնի ահաբեկչական կազմակերպությունների վերածննդին, իսկ սիրիական բանակի զինվորականները կշարունակեն հետապնդել մնացած զինված խմբավորումներին՝ մինչև նրանց լիակատար ոչնչացումը և իր երկրի տարածքի լիարժեք վերահսկումը վերականգնելը։

Երկու օր առաջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելով Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի մասին ասել է, թե ռուս-թուրքական պատվիրակությունների հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկու կողմի զինվորականների պատվիրակությունները կհանդիպեն Թուրքիայում, իսկ դիվանագետների, պաշտպանության և հետախուզության ոլորտների ներկայացուցիչների պատվիրակությունը բանակցություններ կվարի Մոսկվայում:

Բախումների կիզակետում Իդլիբն է, որը սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: 2018-ին դեռ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին այստեղ հրադադար հաստատել ու անվտանգության գոտի ստեղծել: Շաբաթներ առաջ, սակայն, Ասադի զորքերը՝ ռուսական օդուժի առաջնորդությամբ, սկսեցին հրթիռակոծել ու առաջ գնալ ՝ ընդդիմության վերջին բաստիոնը գրավելու համար:

Անկարան նախ Ասադին մեղադրեց մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ պնդելով, թե հարձակման թիրախում են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Նախագահ Էրդողանի զայրույթը, սակայն, հասավ կիզակետին, երբ տեղում պարեկություն անող թուրքական բանակը 13 զոհ տվեց՝ տասն օրվա ընթացքում: «Ես զգուշացնում եմ՝ եթե մեր զինվորները իրենց դիտակետերում կամ այլուր ևս մեկ հարված ստանան, մենք Ասադի զորքերին դուրս կշպրտենք, որտեղ էլ լինեն՝ անկախ այն պայմանավորվածություններից, որ ձեռք ենք բերել ժամանակին Սոչիում», - ասել էր Էրդողանը:

Փորձագետները փաստում են, որ եթե Էրդողանի այս սպառնալիքները իրականություն դառնան, թուրքական բանակը դուրս կգա ոչ միայն Ասադի զորքերի, այլև նրանց աջակցող ռուսական ստորաբաժանումների դեմ՝ հարվածի տակ դնելով ռուս-թուրքական բարեկամությունը, որը վերջին տարիներին դարձել էր երկու երկրների նախագահների հպարտության առարկան: Էրդողանն ու Պուտինը անցած տարի միայն ութ հանդիպում են ունեցել՝ միմյանց բնորոշելով որպես բարեկամ ու դաշնակից:

Անկարան հարյուրավոր տանկեր ու ծանր զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի տարածք, Ռուսաստանը մեղադրում է դաշնակցին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար: «Թուրքիան այդպես էլ չիրագործեց տեղում զինյալներին զինաթափելու պարտավորությունը», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Տարաձայնությունները քննարկելու համար նախօրեին Անկարան հերթական պատվիրակությունն է ուղարկել Մոսկվա, երկու երկրների նախագահներն էլ հեռախոսազրույց են ունեցել: Զուգահեռ Թուրքիայի նախագահը չի բացառել, որ կարող է բանակցել նաև Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, ընդ որում, վերջին ժամերին այդ զրույցի համար կարծես նոր հիմք է ստեղծվել. հաղորդվում է, որ Ղամիշլիում սիրիական կառավարական զորքերի թիրախում են հայտնվել նաև Միացյալ Նահանգների առաջնորդած կոալիցիոն ուժերը:

Կրեմլը նախընտրում է առայժմ չմեկնաբանել դեպի ԱՄՆ շրջվելու՝ Էրդողանի մտադրությունը: ԱԳՆ-ն, սակայն, գործում է: Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը, մասնավորապես, Թվիթերի իր էջում պատկերաշար է հրապարակել թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ կոչ անելով Թուրքիայի քաղաքացիներին որոշել, թե արդյոք արժե վստահել Վաշինգտոնին: Հրապարակված նկարներից մեկում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն է, ով ցավակցություն է հայտնում Իդլիբում զոհված թուրք զինվորների համար: Հաջորդ նկարում թուրքերի համար ցավոտ մյուս հարցն է՝ քրդականը։ Մեջբերելով «Անադոլու» գործակալության պատրաստած աղյուսակը՝ Ռուսաստանի դեսպանատունը հիշեցնում է, թե որքան գումար է տրամադրել ԱՄՆ-ը քրդական ուժերին, որոնց Անկարան դասում է ահաբեկչական խմբավորումների շարքում: «Ընտրությունը ձերն է», - դիմելով Թուրքիային՝ գրել է Ռուսաստանի դեսպանատունը:

Ի դեպ, Թուրքական իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ դեսպան Ալեքսեյ Երխովի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։ Մեկ օր առաջ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Իդլիբում իրավիճակի սրման պատճառով սկսել է սպառնալիքներ ստանալ սոցիալական ցանցերում: «Այո, իրոք, իրավիճակը վերջերս սրվել է: Այս կապակցությամբ, մեր խնդրանքով, թուրքական իշխանությունները ձեռնարկեցին անվտանգության լրացուցիչ միջոցներ», - հայտնել է դեսպանության մամուլի պատասխանատու Իրինա Կասիմովան՝ հավելելով, թե սպառնալիքներին, ըստ ամենայնի, որևէ գործողություն չի հետևի, բայց և այնպես, հավելյալ միջոցներն անհրաժեշտ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4953 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am