Պուտինի հետ չշփվելն ավելի վտանգավոր է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևորել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, սակայն հավելել է, թե դեռ վաղ է խոսել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների դրական տեղաշարժի մասին:

Պեսկովի խոսքով՝ այն փաստը, որ Թրամփն ընդունել է Լավրովին, արդեն շատ բան է ասում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ կրկնել են 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները և նախազգուշացրել են կրկնակի փորձերի վերաբերյալ: Լավրովը ինչպես միշտ մերժել է այդ մեղադրանքները՝ դրանք անհիմն անվանելով: «Ռուսաստանի հանդեպ կասկածները հեղեղել են Վաշինգտոնը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Լավրովը երկու հանդիպում է անցկացրել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։ Նախ հանդիպել է պետքարտուղարի հետ, հետո Լավրովին Սպիտակ տանը ընդունել է նաև Դոնալդ Թրամփը։ Եվ Ռուսաստանի արտգործնախարարի վաշինգտոնյան այցի հիմնական ինտրիգը հենց սա էր՝ կընդունի նրան արդյո՞ք Թրամփը, թե Լավրովի կարճատև այցը Վաշինգտոն կսահմանափակվի Փոմփեոյի հետ բանակցություններով։

Թրամփը Լավրովին ընդունել է, հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Թրամփը «նախազգուշացրել է Մոսկվայի կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտելու ցանկացած փորձի վերաբերյալ և Ռուսաստանին կոչ արել կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը»: Միացյալ Նահանգների նախագահը, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, իր աջակցությունն է հայտնել զենքի արդյունավետ վերահսկմանը՝ շեշտելով, որ այդ վերահսկումը պետք է տարածվի նաև Չինաստանի վրա: Բացի սա, Թրամփի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագիրը։ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, թե Մոսկվան նույնպես դեմ է, որ Թեհրաննն ի վերջո ստեղծի միջուկային զենք։

Ռուսաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, Վաշինգտոն էր մեկնել Փարիզից, որտեղ կայացել էր Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող նորմանդյան քառյակի գագաթնաժողովը, և ամերիկյան կողմին որոշ մանրամասներ է հայտնել փարիզյան բանակցություններից։ ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և Մինսկի համաձայնագրերին։
«Ես նախարար Լավրովին վերահաստատեցի, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային, և Ուկրաինայի արևելքում հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի համաձայնագրերի շրջանակում», - ասուլիսին ասել է Փոմփեոն։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև առանձին մամուլի ասուլիս էր անցկացրել Վաշինգտոնում, որի ժամանակ շեշտել էր, թե Ռուսաստանը, չնայած բոլոր տարաձայնություններին պատրաստ է սպառազինության վերահսկման ցանկացած պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, որ Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում և փորձում են զարգացնել երկու երկրների միջև բիզնես կապերը։ Լավրովը Վաշինգտոնում հերթական անգամ Թրամփին Պուտինի անունից հրավիրել է հաջորդ տարի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում կրած հաղթանակի հոբելյանին նվիրված միջոցառումներին։

Այսպես, ռուս-ամերիկյան հարաբերություններում սառույցը, կարելի է ասել, դանդաղ, բայց հալչում է: Վաշինգտոնում, ըստ երևույթին, հասկացան, որ Պուտինի հետ չշփվելն ավելի վտանգավոր ու անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում, քան, երբ նրա հետ շփվում են:
Ինչևէ, իսկ ԱՄՆ-ում Թրամփին իմփիչմենթի գործընթացի շրջանակում երկու մեղադրանք է առաջադրվել: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան վերջապես հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվող մեղադրանքների ցանկը: Հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլերի խոսքով՝ ԱՄՆ նախագահին մեղադրանք է ներկայացվում միանգամից երկու հոդվածներով:

«Առաջին հոդվածը վերաբերում է իշխանության չարաշահմանը: Երբ երկրի նախագահն օգտվում է իր լիազորություններից անհարկի անձնական օգուտ ստանալով կամ հարվածի տակ դնելով ազգային անվտանգությունը, նա ենթակա է իմփիչմենթի: Դա այն է, ինչ արել է նախագահ Թրամփը, երբ փորձել է Ուկրաինային դրդել, ճնշում է գործադրել այդ երկրի վրա, որպեսզի այն միջամտի 2020 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին», - հայտարարում էր Նադլերը:

Հիշեցնենք, որ Թրամփի պաշտոնանկության գործընթացը մեկնարկեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի բովանդակությունը: Այդ զրույցի ժամանակ Թրամփը փորձել էր համոզել Զելենսկուն, որպեսզի պաշտոնական Կիևը սկսի հետաքննել նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում: Բայդենն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցն է:

Դոնալդ Թրամփին ներկայացված երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրա կողմից իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Կոնգրեսի աշխատանքների խոչընդոտմանը: «Նախագահն իրեն վեր է դասում պատասխանատվությունից, ամերիկյան ժողովրդից և Կոնգրեսի` իրեն իմփիչմենթի ենթարկելու իրավունքներից: Արդյո՞ք, այսպիսով` նախագահն իրեն վեր է դասում օրենքից: Մենք պետք է շատ հստակորեն հայտարարենք` որևէ մեկը, նույնիսկ նախագահը չի կարող օրենքից վեր լինել», - նշում էր դեմոկրատ կոնգրեսականը:

Թրամփի իմփիչմենթի գլխավոր նախաձեռնողներից մեկը` Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆը երեկ Կապիտոլիումում հավաքված լրագրողներին դիմելով նշում էր, որ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթացի մեկնարկը պարզապես անխուսափելի էր: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև նախագահի կողմից իր լիազորությունների շարունակական չարաշահումները մեզ այլ ելք չեն թողնում: Անգործությունը հավասարազոր կլիներ մեղսակցության», - հայտարարում էր Շիֆը:

Դեմոկրատ կոնգրեսականն, ի դեպ, առաջինն էր, որ մեղադրանքների պաշտոնական հրապարակումից հետո ենթարկվեց նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը:
Նախ` Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում գրեց․ - «Շիֆն ի վերջո ստիպված է լինելու պատասխան տալ այս ամենի համար»: Այս գրառման հրապարակումից մի քանի ժամ անց էլ, Փենսիլվանիայի Հերշի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը սկսեց պարզապես ծաղրել ու նմանակել իր գլխավոր քաղաքական հակառակորդներից մեկին:

Այդ պահին Վաշինգտոնում գտնվող նախագահի կուսակից հանրապետականները փոքր-ինչ ավելի լուրջ էին տրամադրված: Ներկայացուցիչների տան հանրապետական խմբակցության ղեկավար Քևին ՄըքՔարթին պնդում էր, որ Թրամփի պաշտոնանկության գործընթացը քաղաքական վրեժխնդրության պարզ դրսևորում է: «Դեմոկրատները չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ նախագահը հաղթել է ընտրություններում, իսկ իրենք պարտվել են: Ինչ վերաբերում է Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցին, ապա պետք է միայն մեկ հարցի պատասխանել` արդյո՞ք դրա ընթացքում եղել է որևէ գործողություն, որի համար կարելի է նախագահին պաշտոնանկ անել: Պատասխանը հետևյալն է` բացարձակապես չի եղել», - նշում էր հանրապետական կոնգրեսականը:

Դոնալդ Թրամփին ներկայացված պաշտոնական մեղադրանքների քննությունը Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովում կմեկնարկի այսօր երեկոյան: Եթե նախագահի պաշտոնանկության նախագիծն արժանանա հանձնաժողովի անդամների հավանությանը, իմփիչմենթի հարցը կընդգրկվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստի օրակարգում: Այստեղ ևս, հաշվի առնելով դեմոկրատական մեծամասնության առկայությունը, նախագծի հաստատման հեռանկարները բավական մեծ են: Այս ողջ գործընթացը կարող է ավարտին հասցվել մինչև Նոր տարի: Դրանից հետո Թրամփի պաշտոնանկության հարցը կտեղափոխվի Սենատ, որի հանրապետական մեծամասնությունն արդեն իսկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնանկության որևէ իրավական հիմք չի տեսնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1778 անգամ
Լրահոս
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am