Խայտառակ պարտություն. Իտալիայի հավաքականը ջախջախեց Հայաստանի ընտրանուն
Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային ընտրանին արտագնա խաղում ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ:
Հայաստանի ընտրանին պարտվեց խոշոր` 1:9 հաշվով:
Խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Չիրո Իմոբիլեն, մեկ րոպե անց աչքի ընկավ նաև Նիկոլո Ձանիոլոն:
29-րդ րոպեին Նիկոլո Բարելան խփեց իր թիմի 3-րդ գոլը, իսկ երեք րոպե անց Իմոբիլեն իր երկրորդ գոլը հեղինակեց այս խաղում:
Երկրորդ խաղակեսում Ձանիոլոն խփեց այս խաղում իր երկրորդ գոլը, որից հետո իտալացիները ևս երեք գոլ խփեցին մերոնց դարպասին. այս անգամ աչքի ընկավ նախ Ալեսիո Ռոմանյոլին (72') , ապա 75-րդ րոպեին Ժորժինյոն դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը, երկու րոպե անց Ռիկարդո Օրսոլինին հաշիվը դարձրեց 8:0:
Հայաստանի ազգային ընտրանու միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Էդգար Բաբայանը: Հանդիպման վերջին գոլը գրանցվեց 81-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ֆեդերիկո Կյեզան: