Անկարան ու Բաքուն դիտարկում են սադրանքի տարբերակը

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

«Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են», -փաստեց դեմոկրատ Բրեդ Շերմանը, արձանագրելով` ԱՄՆ-ը վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից` Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար: «Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը», - հայտարարեց Շերմանը, ով բանաձևի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլև` Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պարոն Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի», ֊ գրել էր Շերմանը:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է է՛լ ավելի սրել թուրք֊ամերիկյան` առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Պաշտոնական Անկարայից շարունակում են արձագանքներ հնչել Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ: «Այս որոշումը ոչ մի արժեք չունի: Մենք այն չենք ճանաչում», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Էրդողան արձանագրել է, որ «իր երկրին ուղղված զրպարտանքը» ընդունվել է ամերիկյան կոնգրեսի կողմից: «Իրենք նվագում են, իրենք էլ պարում: Մենք ասել ենք՝ եկեք այս հարցը պատմաբաններին ու հնագետներին թողնենք: Թող նրանք ուսումնասիրեն: Այս հարցին քաղաքական աստառ մի տվեք: Մեր արխիվներում մեկ միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Մինչև օրս հայերը ոչ մի արխիվ չեն կարողացել ներկայացնել, քանի որ չկա: Միայն դատարկ խոսքերով ոչնչի չեն հասնի: Մեղավոր ես ասելով, մեզ չեք կարող մեղադրել: Մենք չենք ճանաչում այս որոշումը», - ասել է նախագահ Էրդողանը:

Միաժամանակ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու: Պաշտոնական Անկարայից մի շարք պաշտոնյաներ քննադատական արձագանքներ են հնչել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ընդունած բանաձևի վերաբերյալ:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ամոթալի է որակել ամերիկյան կոնգրեսի որոշումը՝ նշելով, թե «այս բանաձևը, պատմությունը քաղաքականության գործիք դարձնելու ևս մի օրինակ է»: «Թուրքիային ցեղասպանություն գործելու համար մեղադրողները նախ թող սեփական պատմությանն ու իրենց աջակցած ահաբեկչական կառույցների՝ ԱՍԱԼԱ-ի և Քուրդիստանի բանվորական կուսակցության արյունոտ անցյալին նայեն», - իր թվիթերյան էջում գրել է Քալընը:

Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին սեփական պատմությանը առերեսվելու կոչ է արել նաև Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Նա «անօգուտ նախաձեռնություն» է համարել բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, թե այն իրենց համար առ ոչինչ է: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է ամերիկացի կոնգրեսականների որոշումը: Ալթունը Թվիթերում գրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ հայտարարել էր, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»:

Բանաձևի ընդունումը՝ նա անվանել էր «ամոթալի»: «Նրանք, որոնց ծրագրերը խախտվել են, դիմում են հին բանաձևերին: Եթե կարծում են, որ այդ կերպ վրեժ են լուծելու, սխալվում են: Այս ամոթալի որոշումն այնպիսի մարդիկ են ընդունել, որոնք օգտագործում են պատմությունը քաղաքականության մեջ, և մեր կառավարության ու ժողովրդի համար այս որոշումը հավասար է զրոյի»,- իր թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ այս որոշումը «հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948թ. կոնվենցիայի սկզբունքները»:

Դե իսկ Էրդողանի ցասմանը սահման չկա... Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջնական որոշում չի կայացրել նոյեմբերի 13-ին ԱՄՆ այցելելու վերաբերյալ: «Իմ այցն ԱՄՆ հարցականի տակ է»,- ասել է նա: Անցյալ շաբաթ Էրդողանը հաստատել էր, որ մտադրված է նոյեմբերի 13-ին այցելել ԱՄՆ՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ անկեղծ ու ազնիվ է եղել իր հետ, և ինքն ուրախությամբ կընդունի հրավերը:

Հաշվի առնելով Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունները, տիրող ոգևորությունը՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու կապակցությամբ, կարելի է ենթադրել, թե ինչ կա Ալիևի ու Էրդողանի մտքում: Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ արդեն իսկ արտահայտվել են այդ թեմայով:

Եվ նման իրավիճակում չի կարելի բացառել, որ Բաքուն և Անկարան միահամուռ ուժերով առաջիկայում դիմեն սադրանքների:

Նկատենք, որ անցյալ գիշեր վաղ առավոտյան Տավուշում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանության նախարարությունը փաստեց, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»:

Թամար Բագրատունի

դիտվել է 1280 անգամ
Լրահոս
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am