Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները «araratnews.am» կայքի հարցերին
Հարց. Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները:
Պատասխան. Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը: