Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են «Էրզրում» ռեստորանային համալիրի տնօրենին ծեծի ենթարկած անձանց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոտսոսի 26-ին Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծի ենթարկվելու հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: