Խոշոր ավտովթար
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում BMW մակնիշի 35 ZV 573 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։