ԱՄՆ-ն դուրս կգա Ռուսաստանի հետ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից
Միացյալ Նահանգներն օգոստոսի 2-ին պաշտոնապես կլքի Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը, գրում է tass.ru-ն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Միացյալ Նահանգները չափազանց երկար ժամանակ պահպանել է պայմանագրի կետերը, մինչդեռ Ռուսաստանը շարունակել է իր սպառազինությունն արդիականացնելու նպատակով բալիստիկ և հիպերձայնային համակարգեր ստեղծել՝ խախտելով պայմանագիրը»,- հայտարարել է Բոլթոնը:
Ռուսաստանի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը սկսվել էր փետրվարի 2-ին: Ամերիկյան կողմը, մեղադրելով ռուսական կողմին պայմանագիրը խախտելու համար, հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը երկամսյա ժամկետում չվերադառնա պայմանագրի լիարժեք իրականացմանը, պայմանագիրը կչեղարկվի: