Տոնոյանը չհերքեց անձնական կապը բանակի սննդի կազմակերպման ընկերության ղեկավարի հետ
Զորամասերին սննդի կազմակերպման պլիոտային ժամանակաշրջանը 3 տարի է, որի ընթացքում պետք է հասնենք նրան, որ բոլոր զորամասերում նույն ձեւաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ աշխատելու են, որ դա 3 տարուց ավելի շուտ լինի:
Անդրադառնալով լուրերին, որ զորամասերում սննդի կազմակերպում իրականացնող կազմակերպության ղեկավարը իր մտերիմն է, Դավիթ Տոնոյանը չհերքեց` ասելով. «Հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն, որոնք հավասար պայմաններում իրականացնելու են այդ սննդի կազմակերպումը: Կան նաեւ «բողոքող» կազմակերպություններ, որոնք հաղթող կազմակերպություններին կապում են անձամբ ինձ հետ: Ես չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարն իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետեւ ես ուրիշ վստահելի տարբերակ չունեմ: Դուք պատկերացնում եք, որ դա զինծառայողների սննդի հետ է կապված լինելու, եւ եթե ինքը չհաջողի, չեմ հաջողելու նաեւ ես: Որտե՞ղ խնդիր կա:
Կան սննդի կազմապերչական եւ վարչարարության խնդիրներ: Իրենք զբաղվում են վարչարարությամբ, նաեւ սննդի կազմակերպմամբ, զբաղվում են պրոֆեսիոնալները, որոնք այսօր Հայաստանում գոյություն չունեն: Նաեւ կան հրավիրված մասնագետներ: Մենք այդպիսի սննդի կազմակերպում զինծառայողներին չենք կազմակերպել, հիմա դա արվում է»: