ՊՆ–ն շարունակում է պատժիչ գործողությունները եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ։
«Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: Նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված: ՊՆ մամուլի խոսնակն այսօր մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»,– գրել է նա:
Նշենք, որ Ռազմական ոստիկանությունը հուլիսի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր զինծառայողը բուժումը ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս, գնացել է անհայտ ուղղությամբ։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Յուրի Բրոյանի հարցով ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան առողջացած: «Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»,– գրել էր նա: