Ժամկետանց վարկերն արագորեն ավելանում են. Բանկային համակարգը դարձյալ հայտնվում է նույն շրջափուլի մեջ

168 ժամը գրում է.Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։ Թեև համաներման արդյունքում բավական մեծ գումար, որը կուտակվել էր ժամանակին վերցրած վարկերի չկատարված պարտավորությունների հետևանքով, դուրս գրվեց քաղաքացիների վրայից։

Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժ ու տուգանքների գումարն այս տարվա հունիսի սկզբի դրությամբ կազմել է շուրջ 12 մլրդ դրամ։ Գրեթե 21.000 քաղաքացի ազատվել է այդ գումարների վճարումից։

Բայց այնպես չէ, որ դրանով խնդիրը լուծվեց։ Մի պահ արձանագրված նվազեցումից հետո անհուսալի վարկերի ծավալը վերստին սկսել է ավելանալ։ Ընդ որում, շատ ավելի արագացված տեմպով։

Միայն տարեսկզբի չորս ամիսներին բանկերի երկարաձգված վարկերի պորտֆելը համալրվել է 15 մլրդ դրամով։ Եթե անցած տարվա վերջին այն կազմում էր 88 մլրդ դրամ, ապա արդեն այս տարվա ապրիլին գերազանցել է 103 միլիարդը։ Չորս ամսում աճն անցնում է 17 տոկոսը, ինչը լուրջ առաջընթաց է։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնք շեղվել են սահմանված ժամանակացույցից։

Իհարկե, դժվար է տարբերակել, թե այդ գումարի մեջ ո՞ր մասն է քաղաքացիների պարտավորությունը։ Բայց կասկած չկա, որ այն բավական մեծ մասնաբաժին ունի։ Անհուսալի վարկերը ձևավորվում են հիմնականում այս հատվածում` պայմանավորված, առաջին հերթին՝ քաղաքացիների եկամուտների դանդաղ աճով և ցածր վճարունակությամբ։

Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել երկարաձգված վարկերի պորտֆելում տույժ-տուգանքների համաներումից և դուրսգրումից հետո, բերենք նաև անցած տարվա ցուցանիշները։

2018թ. նույն ժամանակահատվածում ևս անհուսալի վարկերն ավելանում էին, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով։ Բանկերի երկարաձգված վարկերի աճը տարեսկզբի չորս ամիսներին կազմում էր ընդամենը 7,5 մլրդ դրամ։ Այսինքն` կրկնակի քիչ, քան այս տարի է։

Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. անցած տարի աճը տեղի ունեցավ բացառապես թավշյա հեղափոխության ժամանակ։ Մինչ այդ բանկերի երկարաձգված վարկերը նույնիսկ մի փոքր նվազել էին։ Փոխարենը՝ միայն ապրիլին դրանք ավելացան միանգամից 8,6 մլրդ դրամով։

Պատճառը պարզ է. իշխանափոխության բուռն շրջանում տարբեր տիպի հայտարարություններ էին արվում վարկերի ներման վերաբերյալ։ Դա ուղղակիորեն արտահայտվեց մարդկանց տրամադրությունների վրա։ Շատերը դադարեցին կատարել իրենց պարտավորությունները` հույս ունենալով, որ հետագայում չեն էլ վճարելու։ Հեղափոխությունը քաղաքացիների շրջանում բարձր սպասումներ էր ձևավորել, այդ թվում` վարկերի բեռից ազատվելու հետ կապված։

Հասկանալի է, որ նման բան չէր կարող լինել։ Առավելագույնն այն էր, ինչ ստացան վարկառուները։ Խոսքը տույժ-տուգանքների ներման մասին է, ինչը, սակայն, նրանց չազատեց մյուս պարտավորությունների կատարումից։ Այլ բան, թերևս, անիմաստ էր սպասել։ Վարկերը գումարներ են, որոնց հետևում կանգնած են ավանդատուները։ Եվ ինչքան էլ բանկերը ցանկանան` չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ` դուրս գրելով վարկերը։ Տույժ-տուգանքներն այլ խնդիր են։ Դա միջոց է վարկառուների վրա ազդելու համար։

Բոլորովին էլ այնպես չէ, որ բանկերը հակված են տույժ-տուգանքների կիրառման։ Պատահական չէ, որ ֆինանսական հաստատությունները շատ արագ համաձայնեցին ազատվել դրանցից, ինչը, անշուշտ, որոշ չափով թեթևացրեց անհուսալի վարկերի բեռը։ Բայց դա ընդամենը ժամանակավոր երևույթ էր։ Պատահական չէ, որ անհուսալի վարկերի պորտֆելը համաներումից հետո արագորեն մոտենում է այն ծավալներին, որոնք կային մինչ այդ։

Պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով՝ բանկերի երկարաձված վարկերն անցնում են 103 մլրդ դրամը։ Այսօրվա փոխարժեքով այն գերազանցում է 210 մլն դոլարը։ Անհուսալի վարկերի գծով 12 մլրդ դրամ տույժ-տուգանքների դուրսգրումից հետո երկարաձգված վարկերի պորտֆելը ընդամենը 4 միլիարդով է զիջում նախորդ տարվա ցուցանիշը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում՝ հեռու չէ այն օրը, երբ նախկին ծավալները ոչ միայն ամբողջությամբ կվերականգնվեն, այլև կգերազանցվեն։

Եվս 32 միլիարդ են կազմում վարկառուների ժամկետանց պարտավորությունները։

Կիրառված համաներումից հետո երկարաձգված վարկերի բարձր աճը, անշուշտ, մտահոգիչ է։ Թեև դրա պատճառները բոլորովին այլ տեղ են։

Տույժ-տուգանքների համաներումը չէ, որ պետք է լուծեր անհուսալի վարկերի խնդիրը։ Պատահական չէ, որ դրանից կարճ ժամանակ անց բանկային համակարգը դարձյալ բախվում է նույն երևույթի հետ։ Բազմաթիվ վարկառուներ այսօր էլ դժվարություններ ունեն՝ վարկերի սպասարկման հետ կապված։ Պատճառն այն է, որ մարդկանց վճարունակությունը չի համընկնում վարկերի ներգրավման ցանկությունների հետ։

Հասարակության մեծ մասի եկամուտները շարունակում են նույնքան ցածր լինել, ինչքան իշխանափոխությունից հետո։ Այդ պայմաններում որքան էլ տույժ-տուգանքների ներումը կարող է որոշակի օժանդակություն լինել վարկառուներին, այնուհանդերձ դա չի կարող ցանկալի արդյունք տալ։ Մարդիկ երբեմն պարտադրված են գնում վարկերի ներգրավման` ոչ թե տնտեսություն զարգացնելու, այլ առօրյա խնդիրներ լուծելու համար։ Թերևս, պատահական չէ, որ վարկային շուկայի աճի հիմնական մասը բաժին է ընկնում սպառողական վարկերին։ Մի բան, ինչը վարկային պորտֆելի առավել ռիսկային հատվածներից մեկն է։

Այս պայմաններում բնավ էլ զարմանալի չի լինի, եթե առաջիկայում բանկերի անհուսալի վարկային կապիտալը սկսի ավելի արագ տեմպով մեծանալ։ Վերջին շրջանում մի տեսակ տպավորություն է, որ միջոցների տրամադրման ժամանակ վարկառուի վճարունակության խնդիրը հետին պլան է մղվել։ Որքան հնարավոր է՝ բանկերն ակտիվ վարկավորում են իրականացնում` կարծես անտեսելով վերադարձելիության հետ կապված հնարավոր ռիսկերը։ Մինչդեռ այդ խնդիրն այսօր շատ ավելի արդիական է։

Հասարակության եկամուտների իրական աճը Հայաստանում այնպիսին չէ, որը կարող է թույլ տալ այդքան ընդլայնել վարկային շուկան։ Գուցե մարդկանց մոտ առաջիկայում եկամուտների ավելացման հետ կապված սպասումները բարձր են, բայց սպասումների հիման վրա բանկերն իրավունք չունեն խաղադրույք կատարել։ Այլապես հետո կարող են շատ ավելի ծանր վճարել դրա համար։

դիտվել է 976 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am