Քոչարյանին աջակցող և դատապարտող քաղաքացիների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և նրա դեմ պայքարող ցուցարարների միջև միմյանց չվիրավորելու, չհայհոյելու պայմանավորվածություն ձեռք բերվեց. «Ես առաջարկ ունեմ՝ անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանի մասին որ կողմն ի՞նչ կարծիք ունի, մենք բոլորս հայ ենք, և եկեք պահենք հայերի միջև կոռեկտությունը»,- մոտենալով Քոչարյանի աջակիցներին, ասաց քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը:
Քոչարյանի կողմնակիցները խոստովանեցին, որ իրենց հունից հանում են հատկապես Ռոբերտ Քորչարյանի հասցեին հնչող՝ «մարդասպան, հանցագործ» վանկարկումները. «Նա ով է, ինչ է՝ թողեք թող որոշի դատարանը, դուք մարդուն մի պիտակավորեք»,- ասացին նրանք:
Ջիվան Աբրահամյանն էլ պատասխանեց, որ մարդիկ իրենց կարծիքն են հայտնում երևույթի հանդեպ, սակայն խոստացավ՝ ցանկացած դեպքում վիրավորանքներ չհասցնել:
Ոստիկանները միջամտելով երկխոսությանը՝ առաջարկեցին բոլոր քայլերը կատարել օրենքի սահմաններում:
Այս պահին իրավիճակը հանդարտ է: Ոստիկանները հսկում են տարածքը: