Հայաստանը շարունակում է իր դիրքերը կորցնել վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում
Հայաստանը շարունակում է իր դիրքերը կորցնել վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում: 2019 թ. ապրիլ ամսվա ընթացքում Վրաստանը ներկրել է մոտ 80 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որի առյուծի բաժինն ապահովել է Ադրբեջանը (մոտ 65%): Ներկրման մյուս ուղղություններն են Թուրքիան, Ռուսաստանն ու Հայաստանը:
Այսպիսով, 2017 թ.-ից ի վեր վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում Ադրբեջանը հանդես է գալիս որպես առանցքային դերակատար, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ էլեկտրաէներգիայի պակասուրդ էր արձանագրում իր էներգահամակարգում: Իհարկե, 2018 թ. բլեքաութների շարքը, որոնց արդյունքում Բաքուն հայտնվել էր պարալիզացված վիճակում, վկայում են ադրբեջանական էներգահամակարգի անվտանգության ցածր մակարդակի մասին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վրացական շուկայում նկատվող սպառման դրական դինամիկան (2018 թ. աճը կազմել է 8%, 2019 թ.՝ կանխատեսվում է 9%)՝ Բաքուն փորձում է վստահելի գործընկերոջ կեցվածքով հանդես գալ: Թերևս, միայն ծավալների շարունակական ավելացման պարագայում կկարողանանք գնահատել այդ վստահելիության աստիճանը: Սակայն առկա է միտում, որը վկայում է ներկայումս Հայաստանում էներգետիկ դիվանագիտության բացակայության մասին: Վերջինիս անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ Հայաստանը շարունակում է շահագործել արտահանման սկզբունքի վրա խարսխված էներգահամակարգ: Ուստի, Հայաստանի արտաքին էներգետիկ շահի սպասարկումը մի քանի ուղղություններով (հատկապես վրացական ու իրանական) պետք է հետապնդի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև շատ կիրառական ներքին սոցիալական ու տնտեսական նպատակներ (սոցիալակենտրոն սակագներ, ներդրումային գրավիչ պայմաններ և այլն):
Գրել է Վահե Դավթյանը