Ակնհայտ է՝ սա մերժում է․ պաշտպանը՝ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու արգելքի մասին
Բնավ զարմանալի չէ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն է պարզաբանում տարածում նման հարցի վերաբերյալ և որպես առաջին աղբյուր հանդես գալիս։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀԺ օրաթերթում հրապարակված նյութին, թե «քննչական կոմիտեն չի արգելել Սամվել Կարապետյանին ուղերձով հանդես գալ»։
«Հիշեցման կարգով նշեմ, որ հենց «Հայկական ժամանակ» օրաթերթն էր, որ 2025 թվականին նոյեմբերի 17-ին, երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու, թե չերկարաձգելու հարցը, մենք էլ գտնվում էինք դատարական նիստում, հրապարակում էր արել, որ Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Հետաքրքիր է, որ կրկին ՀԺ-ն է Սամվել Կարապետյանի մասին «բացառիկ» հրապարակում անում։ Խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ քննչական կոմիտեն հենց մերժել է»։
Վարդևանյանը նշեց, որ իր կողմից նման գործելաոճ առկա չէ, այլապես ինքը կհրապարակեր ներկայացված դիմում-հարցումը և դրա վերաբերյալ պատախանը։
«ՔԿ-ին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ՝ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան՝ ստանում ենք դիրքորոշում, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյոք դա հենց նույն մերժո՞ւմը չէ, եթե լեզվական կամ տերմինաբանական մեկնաբանման կանոններով էլ շարժվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժում է։ Հետաքրքիրն այն է, որ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է քննչական կոմիտեն։ Այսինքն՝ ՔԿ-ն երբ հղում է տալիս այն մեկնաբանմանը, որ դատական ակտեր չի կարող մեկնաբանել՝ դա կիսաճշմարտություն ներկայացնելու դասական օրինակ է, չէ՞ որ, եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր հենց քննչական կոմիտեն»։
Փաստաբանը կրկին պնդեց, որ նման պատասխանի դեպքում քննչական կոմիտեն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, որը համարժեք է մերժման։
«Իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք էր պատասխանել այո, կամ՝ ոչ, բայց մյուս կողմից, հենց ՀԺ-ի նույն հրապարակման մեջ ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են, որ մեժել են։ Ի դեպ, կխնդրեի հնարավորության դեպքում «Հայկական ժամանակ»-ին դատախազությունից ևս ստանար դիրքորոշում, քանի որ ես ինքս չեմ ստացել, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից սահմանված ժամկետում պատասխան չտալը կրկին համարժեք է մերժման»,- ավելացրեց փաստաբանը։
