Ինչո՞ւ է հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը ՀԷՑ-ը զեղչել
Հայաստանի էլեկտրական ցանցերը 50 տոկոսով կզեղչի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը։
ՀԷՑ-ից նամակ էին ուղարկել Եկեղեցու հոգևոր տեսուչին՝ տիրադավների շարքը համալրած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, որտեղ նշվել էր, որ ՀԷՑ-ը 2025 թվականի դեկտեմբեր ու 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 տոկոսը։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀԷՑ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է որոշվել, որ հենց այդ եկեղեցու հոսանքի վարձը պետք է սուբսիդավորել։
«Ո՞ւմ որոշումն է եղել, արդյոք այլ եկեղեցիներ դիտարկո՞ւմ եք»,- նշել էինք հարցման մեջ։
Ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ ՀԷՑ-ից հայտնել են, թե որոշել են հոսանքի վարձը սուբսիդավորել, քանի որ իրենց պաշտոնական գրությամբ դիմել է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
«Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից «Սպառողների առանձին խմբերին բարեգործական օգնության տրամադրման» կարգի 7.10 կետի պահանջը՝ ծրագրում կարող են ընդգրկվել ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
Հավելենք, որ վերջինս պաշտոնական գրությամբ դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
Ավելին, տարիներ շարունակ նույն բարեգործական օգնության տրամադրման ծրագրում ընդգրկվել են նաև ՀՀ-ում գործող մի շարք այլ եկեղեցիներ»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում։
