Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ. Խաչատրյանը՝ Վաղարշապատի ձերբակալությունների մասին
Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Էջմիածնի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ խոսելով Վաղարշապատի ձերբակալությունների մասին։
«Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, սա ՔՊ-ականների վախերն են Վաղարշապատից, ինձ թվում է, որ իրենք վախ չափողի կարիք ունեն:
Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր միտք հայտնի ու հայացք ունենա, կենթարկվի կալանավորումների, ձերբակալությունների ու բռնաճնշումների:
Ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, որովհետև րոպե-րոպե ավելանում են, այս պահին գերազանցում են տասնյակը:
Որքանով ես տեղյակ եմ՝ ասում են, թե մեղադրանքի պատճառն է՝ թեկնածուների՝ իրենց դիրքը օգտագործելով, մարդկանց ուղղորդելը՝ ձայնը տալու «Հաղթանակ» դաշինքին: Ես ինքս բազմաթիվ հրապարակային ելույթների ժամանակ ասել եմ, որ բոլորին կոչ եմ անում իրենց ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին, սա նշանակում է, որ այդ հոդվածով կարելի է յուրաքանչյուր մարդու ուղղակի ձերբակալել, այնուհետև կալանավորել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը գրել էր, այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ։
