Ինչ արժեն Աննա Վարդապետյանին որպես նվեր փոխանցված սուրերը
Տաջիկստանի գլխավոր դատախազ Հաբիբուլլո Վոխիդզոդա Սայդուլլոն Աննա Վարդապետյանին նվիրել է կաշվե պատյաններով երկու հուշանվեր-սուր։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է դատախազի կողմից ԿԿՀ ներկայացված «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից»։
Ձևաթղթում նշված է, որ նվերը ուղարկվել է տրանսպորտային միջոցով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստի շրջանակներում, որին ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է առցանց ձևաչափով։
Նշենք, որ Վարդապետյանի ստացած նվերը ԿԿՀ-ն գնահատել է 60 000 ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի են այն նվերները, որոնք տրվում են պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ընթացքում, հրապարակային միջոցառումների շրջանակում սովորաբար տրվող նվերները, ինչպես նաև ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակները, դրամաշնորհները կամ նպաստները՝ տրամադրված հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով կամ այլ թափանցիկ գործընթացի միջոցով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։
Միաժամանակ, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60 000 դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում են որպես այդպիսիք։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։
