Բաքուն պատժում է Արայիկ Հարությունյանին՝ մարտերի ժամանակ տեսանյութեր հրապարակելու համար. «ապացույցներ» են գտել նրա դեմ
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այդ երկրի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը ներկայացրել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ նյութեր։
Ադրբեջանական քարոզչամեքենան նշում է, թե իբր նյութերի համաձայն՝ Հարությունյանը, եղբոր հետ միասին, մասնակցել է 1990-ականներին Ադրբեջանի դեմ մարտերին, որ նա Ադրբեջանի դեմ մարտերում շարքային մասնակից չի եղել, այլ անմիջական դեր է խաղացել «բանակի մատակարարման և ռազմական գործունեությանը աջակցելու գործում»։
Նշվել է, թե իբր ուսումնասիրված տեսագրությունները հաստատում են, որ Արայիկ Հարութունյանը այցելել է Արցախի մարտական դիրքեր, ուսումնասիրել զինված ուժերի պոտենցիալը և մասնակցել ռազմական գործողությունների շարունակականության ապահովմանը, այլ կերպ ասած՝ մասնակից է եղել մարտերի կազմակերպչական, անձնակազմային և տեղեկատվական աջակցության գործում։
Ադրբեջանական կողմին խոցել է այն, որ պատերազմական գործողությունների ընթացքում Արայիկ Հարությունյանը տեսանյութեր է տարածել սոցցանցերում՝ ոգևորելու հայրենակիցներին։
