Եթե իմանար, որ Կապույտ մզկիթը հայ է կառուցել, ոտաբոբի՞կ կմտներ
Մզկիթը մուսուլմանների աղոթքի համար նախատեսված կառույց է, խոնարհման, երկրպագության տեղ։ Ստամբուլի Կապույտ մզկիթը, կամ Սուլթանահմեդ մզկիթը, որտեղ երեկ այցելել է Նիկոլ Փաշինյանը (թուրքերեն՝ Sultanahmet Camii), չափսերով ամենամեծ և ամենագեղեցիկը համարվող մզկիթն է Ստամբուլում։ Ունի 4 մինարե։ Գտնվում է Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում՝ հանրահայտ Սուրբ Սոֆիայի տաճարի հակառակ կողմում։ Կառուցվել է 1609- 1616 թթ. Ահմեդ I-ի պատվերով։ Մզկիթի ճարտարապետը ազգությամբ հայ Միմար Սինանն էր։ Ազգությամբ հայ Միմար Սինանը եղել է ավելի քան 300 կառույցների և այլ ժամանակակից շինությունների, ինչպես օրինակ դպրոցների, ինժեները։
Նրա աշակերտները ավելի ուշ նախագծելու էին Ստամբուլում Սուլթանահմեդ մզկիթը, Մոսթարում Հին կամուրջը և օգնելու էին նախագծել Թաջ Մահալը Մեծ մոնղոլների կայսրությունում։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Միմար Սինանը համարվում է առնվազն 374 շինությունների ճարտարապետ, այդ թվում՝ 92 մզկիթներ, 52 փոքր մզկիթներ (mescit), 55 կրոնական դպրոցներ (medrese), Ղուրանը սերտողների (darülkurra) 7 դպրոցներ, 20 դամբարաններ (türbe), 17 հանրային խոհանոցներ (imaret), 3 հիվանդանոցներ (darüşşifa), 6 ջրատարներ, 10 կամուրջներ, 20 քարավանատուն, 36 պալատներ և առանձնատներ, 8 կամարներ և 48 բաղնիքներ։ Միմար Սինանը շուրջ 50 տարի եղել է արքունի գլխավոր ճարտարապետ՝ աշխատելով ճարտարապետների մի մեծ խմբի հետ։ Որոշ արձանագրություններում նշվում է, որ նա հավանաբար ծառայել է մեծ վեզիր Փարգալը Իբրահիմ փաշային՝ որպես Իբրահիմ փաշա դպրոցում նորեկ։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ նրան տրվել է իսլամական Սինան անունը։ Չմանրամասնելով նրա կենսագրության բոլոր շրջանները, նշեմ, որ ինձ բոլորովին այլ բան է հետաքրքրում։ Եթե Նիկոլ Փաշինյանն իմանար, որ հայ է կառուցել Կապույտ մզկիթը, բոբիկ ոտքերով մզկի՞թ կմտներ։
Նրա զուգընկերուհին վեհափառի հետ կհանդիպեր ուսերը և ոտքերը բաց զգեստո՞վ։ Դա պատշա՞ճ էր Հայ եկեղեցու, Վեհափառի հետ հանդիպման ժամանակ։ Հարգելով բոլոր ժողովուրդների հավատը, երկրպագության վայրը, ինձ համար ոչ թե ընդունելին այն չէր, որ Նիկոլ Փաշինյանը բոբիկ ոտքերով էր Կապույտ մզկիթում, այլ այն, որ սեփական եկեղեցին չհարգողը, սեփական ծնողին չհարգողը, ուրիշ եկեղեցի, ծնող չի ճանաչի։ Երբ բոբիկ ոտքերով էր, ինքը իրեն հա՞րց տվեց, թե ես ո՜նց եմ մեր Եկեղեցին չուլան անվանում։ Եթե նման բան փորձեր անգամ մտածել մուսուլմանների երկրպագության աղոթատեղիի մասին, մենք հիմա ազատված կլինեինք նրանից․․․ Գուցե նույն բանը մտածել է նաև Թուրքիայի նախագահը, որովհետև չնայած Նիկոլ Փաշինյանի շողոմ ժպիտներին, շարժումներին, ինքը անհաղորդ էր քարի պես։ Դժվար է պատկերացնել ղեկավար, ով իր Եկեղեցուն չուլան անվանողի նկատմամբ հարգանք ունենա։ Նրանց համար աղոթատեղին սրբություն է․ Փաշինյանը գոնե դա սովորեր։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
