Լևոն Արոնյանը հաղթեց Կասպարովին
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5 հաղթանակ տոնեց Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի 4-րդ փուլի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին 9 տուրերում: Այս գիշեր կայացած պարտիաներում առավելության հասավ Գարրի Կասպարովի, Լիեմ Լե Քուանգի, Վիշվանաթան Անանդի, Յան Նեպոմնյաշչնու և Լեինիեր Պերես Դոմինգեսի նկատմամբ: Ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի, Դավիդ Նավարայի, Սերգեյ Կարյակինի հետ ու պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Կայծակնային շախմատի մրցաշարում նա վաստակեց 6,5 միավոր և արագ ու կայծակնային շախմատի միավորների հանրագումարով այժմ ունի 18,5 միավոր: 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրայից առաջ է անցել 2 միավորով: Արագ շախմատի մրցաշարից հետո նա 1 միավորով էր գերազանցում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ֆաբիանո Կարուանային: Այսօր կայանալու են կայծակնային շախմատի մրցաշարի 2-րդ շրջանի պարտիաները: Դրանց ավարտից հետո կորոշվի մրցաշարի հաղթողը: