Անկախության տոնը կազմակերպելու է կառավարության սիրեցյալ «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով

Հրապարակը գրում է. հոկտեմբերին «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետեւ ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։ Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ահա այսպես, անկախության հերը գունագեղ ձեւով անիծելուց հետո գունագեղ ձեւով դրա տոնն ենք նշում։


Դե, իսկ «մասշտաբայինն» առաջին հերթին վերաբերում է ոչ թե նահատակներին հիշելու եղանակին, այլ՝ ծախսերին։ Որքա՞ն գումար է հատկացվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, ո՞ր կազմակերպությունն է կազմակերպելու տոնը։

«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:

Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։

Տարբերությունն ահռելի է։ Իսկ այդ տարիներին Հայաստանն անհամեմատ ավելի բարեկեցիկ երկիր էր, Արցախը մերն էր, տարբեր վարակներից չէինք մահանում, չունեինք օր-օրի աճող գներ եւ այլն։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։ Գնումը կառավարությունը ձեւակերպել է որպես հրատապ եւ իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։

Այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, եւ հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։ «Դոմինո փրոդաքշն»-ին 2018-2021թթ․ կառավարական պատվերներ են տրվել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներից մինչեւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնություններ։ Նույնիսկ «Ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից է այն կինո եւ տեսաֆիլմերի արտադրության պատվեր ստացել։ Հասկանալի չէ, թե ինչ արժանիքների համար է Աշոտ Առաքելյանն իրագործում այս բոլոր ծրագրերը, այն դեպքում, երբ տասնյակներով այլ նմանատիպ ընկերություններ կան, իսկ Առաքելյանինը հայտնի է միայն մասնագիտական շրջանակներին եւ միայն մեկ գործով՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» պատմական ֆիլմաշարով։

Աշոտ Առաքելյանն իր վերելքը սկսել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունում, երբ քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր։ Նրա մասին խոսեցին 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ քարոզչական հայտնի հոլովակի հում նյութի արտահոսք էր եղել, եւ բոլորը տեսան, թե ինչպես են Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը հայհոյում Սերժ Սարգսյանին եւ Երվանդ Զախարյանին։

Այն ժամանակ ԶԼՄ-ները գրեցին, որ տեսանյութը նկարել է Առաքելյանը, եւ արտահոսքը կատարել է նկարահանող խումբը։ Այդ օրերին էր, որ 6-րդ վարչությունը հավաքեց բոլորին, ովքեր կարող էին առնչություն ունենալ հոլովակի հետ։ Աշոտ Առաքելյանը եւ էլի մարդիկ ազատվեցին աշխատանքից։ Առաքելյանն այդ իրադարձություններից հետո՝ 2009-ին, այլ անձանց հետ, այդ թվում՝ ֆրանսահայ Սեւակ Սերոբյանի, հիմնեց «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերությունը։ 2013 թվականին ընկերությունը տուգանվել է կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ անբարեխիղճ մրցակցության համար։ Մեզ հայտնի տեղեկությունները փորձեցինք ճշտել Աշոտ Առաքելյանից։ Որոշ տվյալներ նա հերքեց, մի մասը հաստատեց, մի մասից էլ տեղյակ չէր։ Օրինակ՝ չգիտեր, թե ինչ ընթացակարգով են իրեն ընտրել սեպտեմբերի 21-ի ծրագրի համար։

- Ճի՞շտ է, որ Ձեր կազմակերպությունն է անկախության օրվա միջոցառումներն իրականացնելու։

- Այո, ճիշտ է։

- Ի՞նչ գումարի մասին է խոսքը, ճի՞շտ է, որ 1 մլրդ դրամ է հատկացվում՝ 2 մլն դոլար, եւ մեկ անձից գնման ընթացակարգով։

- Ոչ, ոչ, նման գումարի մասին չէ խոսքը, ոչ էլ մեկ անձից գնման։

- Ասացիք, որ Դուք եք իրականացնելու․ ինչպե՞ս են Ձեզ ընտրել։

- Նման թվեր Ձեզ որտեղի՞ց։ Դա սխալ ինֆորմացիա է։ Ոչ թե մեզ են ընտրել, այլ ծրագիրը մենք ենք ներկայացրել, նաեւ ծրագրի համար հովանավորներ կան, կառավարությունը մեզ չի վճարել։

- Ի՞նչ միջոցառումներ են լինելու։

- Սիմֆոնիկ նվագախմբով համերգային ծրագիր է Հայաստանի անկախության եւ արժեքավոր երգերի կատարմամբ։

- Մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը։

- Կոմերցիոն գաղտնիք է։ Շուտով կտեսնեք նաեւ հովանավորների պաստառները, լոգոներով դուք կտեսնեք։

- Ուզում եմ ճշտել՝ Դուք աշխատե՞լ եք Գագիկ Բեգլարյանի օրոք։

- Համագործակցություն է եղել։

- Թոխատյանի հայտնի վիդեոն Դո՞ւք էիք նկարել։

- Ինձ հետ կապ չունի։ Այն ժամանակ էլ տենց լրատվական սարքած ինֆորմացիա էր, որն ընդհանրապես կապ չուներ ինձ հետ։

Աշոտ Առաքելյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանին ճանաչում է, ինչպես շատերին, բայց մտերիմ հարաբերություններ նրա հետ չունի, որ 10 տարուց ավելի է, այս դաշտում է եւ բազմաթիվ պատվերներ է ստացել, քանի որ տեսաարտադրանքի նման որակյալ ու փորձառու կազմակերպություններ, ինչպիսին իրենն է, շատ քիչ կան Հայաստանում, իրականացրել է «Գոհար» եւ «Հայաստանի աստղեր» համերգային ծրագրերը ու ոչ միայն Հայաստանում։ Բայց չկարողացավ ասել, թե վերջին 3 տարիներին կառավարությունից քանի պատվեր է ստացել եւ ինչ ընթացակարգով։ «Ականազերծման ՊՈԱԿ-ի պատվերը եռակողմ է եղել, միջազգային կազմակերպության հետ, տենդեր է իրականացվել, եւ հաղթել է մեր կազմակերպությունը, բոլորի դեպքում էլ մրցույթ է անցկացվել։ Ձեր հարցադրման մեջ միտում եմ տեսնում։ Դուք հարցրիք անցյալից։ Մենք վաղուց ենք ներկայացրել սեպտեմբերի 21-ի ծրագիրը, ու դա արժանացել է հավանության, որ այդ ծրագիրն իրականացնենք։ Ես չգիտեմ՝ էլի եղե՞լ են կազմակերպություններ, թե՞ չէ»։ Այսինքն՝ մրցույթ եղե՞լ է, թե՞ չի եղել։ «Ես մրցույթ չեմ կազմակերպում, ես ներկայացրել եմ ու վերջ»։

ՀԳ․ Երկու օր առաջ առողջապահության նախարարությունը կտրեց վիրավոր եւ հաշմանդամ զինվորների բուժման պետպատվերը։ Փոխարենը տոնի համար փող կա։ Իսկ թե ինչքան փող՝ ինչպե՞ս կարող է դա հասարակությունից գաղտնի պահվել, չէ՞ որ դա մեր ընդհանուր փողն է, եւ երբ չեն ասում փողի չափը, կարող ենք ենթադրել, որ մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

 

դիտվել է 601 անգամ
Լրահոս
Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին Ներգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ Մելիքյան Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Խոսնակ Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet 11 տարի առաջ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար հետախուզվողին գտել են Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am