Անկարայի ախորժակը զսպելու հրամայականը

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմը գործնականում փոխեց տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այդ թվում` նաև ուժերի հարաբերակցությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը չունի այն ազդեցության գոտին, ինչն ուներ պատերազմից առաջ։ Դրա փոխարեն ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ եթե նախկինում Հայաստանն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ապա հիմա Արցախի՝ տարբեր կողմերից բզկտված հատվածի կենսագործունեությունն ուղղակի կախված է ռուսական խաղաղապահների ներկայությունից։ Արցախում ռուս խաղաղապահների առկայությանն ըմբռնումով է մոտենում անգամ Արևմուտքը, քանի որ արևմտյան երկրները գիտակցում են, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում այն գլխավոր գործոնն է, որն արգելակում է արցախահայության նկատմամբ ցեղասպանության իրագործումը։

Եվ հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հարավային Կովկասն ընկալում են որպես ռուսական կենսական շահերի ազդեցության գոտի, այլապես, երբ Ռուսաստանը փորձում է ավելի ընդարձակել ազդեցության գոտին, ապա այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրակարգն առաջ է քաշվում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի պարտության արդյունքում մեկ այլ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունեցել, որն անհնար է չնկատել։ Հարավային Կովկասում մեծապես ամրացել են Թուրքիայի դիրքերը։ Նույնիսկ ռուսական կողմն է ընդունում, որ թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս Խորհրդային Միության փլուզման հետևանքներից է, բայց ոչ ոք նույնիսկ չէր կարող կանխատեսումներ անել, որ Թուրքիան կփորձի Հարավային Կովկասում տիրապետող դիրքեր հաստատել։ Դրա վառ օրինակն է այն, որ ուժերի նոր դասավորության պայմաններում Թուրքիան արդեն թելադրող ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում։ Խնդիրն այն է, որ Արցախի դեմ պատերազմում Անկարայի աջակցությունը Բաքվին վճռորոշ նշանակություն ունեցավ։

Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն ռազմական տեխնիկա, հրահանգիչներ ու վարձկան ահաբեկիչներ էր ապահովում, այլև ադրբեջանական բանակը փաստացի վերցրել էր իր վերահսկողության տակ։ Հենց դրանով էր պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ և պրոռուսական կողմնորոշում ունեցող Նաջմեդդին Սադիկովի մեկուսացումը։ Դիվանագիտական հարթության վրա ևս նկատելի դարձավ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից։ Եվ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվում, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումը հստակեցնելու համար սպասում էր թուրքական հրահանգներին։ Այս ամենով հանդերձ, մի քանի տարի առաջ շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Թուրքիան կարող է հաստատվել ոչ միայն Ադրբեջանում, այլև Ղարաբաղում: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Անկարայից հայտարարություններ են հնչում, թե իրենք ամենագործուն մասնակցությունն են ունենալու Ղարաբաղի վերականգնման գործում։



Այս տրամաբանության լույսի ներքո էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 15-ին մեծ հանդիսավորությամբ այցելեց Շուշի և ադրբեջանական կողմի հետ ստորագրեց «Շուշիի հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը, որը փոխգործակցության լայն դաշտ է ապահովում։ Քիչ չէ, որ Էրդողանը խոսեց Շուշիում առաջիկայում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, այլև չբացառեց, որ Ադրբեջանում կարող է տեղակայվել թուրքական ռազմաբազա։ Թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը չէր կարող վրիպել ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրությունից, քանի որ ինչքան էլ Ռուսաստանը և Թուրքիան փորձեն միմյանց հետ համագործակցել, միևնույնն է, տարածաշրջանում երկու երկրները մնում են որպես մրցակիցներ։ Եվ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անվտանգային հովանոցի ներքո ԱՄՆ-ից հետո ամենամեծ թվաքանակով զինված ուժեր ունեցող երկիրն է, ապա պատահական չէ, որ ռուսական քաղաքական շրջանակներում, անգամ Պետական դումայում կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը փաստացի նշանակում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում։

Ուստի իրադարձությունների ընթացքից պետք է եզրակացություններ անել, որ Ռուսաստանը փորձելու է կանխել թուրքական մեծածավալ ազդեցության ներհոսքը դեպի Ադրբեջան, ապա Միջին Ասիա, իսկ այս հարցում ռուսական կողմին կարող է օգնել Հայաստանը։ Պատահական չէ, որ ռուսական փորձագիտական տիրույթում խոսվում է այն մասին, որ Հայաստանի թուլացումը չի բխում առաջին հերթին իրենց երկրի շահերից։ Եվ ստացվում է, որ հայկական դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ողջ ծավալով Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումը, որը թույլ կտա զսպել Անկարայի ախորժակը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերին համապատասխան օգտագործել թուրքական ազդեցության ընդլայնման հետ կապված Իրանի և արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի անհանգստությունը։

Այնպես որ, դիվանագիտության ասպարեզում ահռելի աշխատանք կա տանելու, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը անկայուն ու բարձիթողի վիճակում է։ Ինչպես արտգործնախարարը, այնպես էլ փոխարտգործնախարարները հրաժարական են ներկայացրել։ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ թիմ ունենալն այս պահին առաջնային նշանակություն ունի, ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն այս հարցի լուծմանը, սակայն սրա փոխարեն լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարարի պաշտոնի համար հավակնություններ ունեն իշխանական թիմի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի էլ ավելի զավեշտալի վիճակում կդնեն մեր արտաքին քաղաքականության ռելսերը:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am