Ֆուտբոլիստներ են մահացել
Բրազիլիայում մահացել է D խմբի առաջնությունում հանդես եկող «Ֆրիբուրգենսե» ակումբի խաղացող Բեռնարդո Ռիբեյրոն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ֆուտբոլիստի կինը: 26-ամյա Ռիբեյրոյի ինքնազգացողությունը վատացել է մարզման ժամանակ: Հիվանդանոցի ճանապարհին նա սրտի նոպայից մահացել է: Կամերունում մահացել է կանանց «Ֆեմինա Սթարս» թիմի 26-ամյա դարպասապահ Ժանին Կրիստել Ջոմնանգը, որը կորցրել է գիտակցությունը նախախաղային մարզման ժամանակ: Նա եւս մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան: Բուխարեստի «Դինամոյի» կամերունցի կիսապաշտպան Պատրիկ Էկենգը գիտակցությունը կորցրել է Ռումինիայի առաջնության հանդիպման ժամանակ: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: 10 բժիշկներ փորձել են փրկել նրա կյանքը, սակայն չի հաջողվել, գրում է digisport-ը: 26-ամյա Էկենգը 11 հանդիպում էր անցկացրել «Դինամոյի» կազմում, խփել մեկ գոլ: