«Վհուկների որսն» ավարտված է

Ամիսներ շարունակված քննարկումներից, թեժ բանավեճերից ու ելույթներից հետո, ամերիկյան Սենատն ի վերջո արդարացրեց նախագահ Դոնալդ Թրամփին։

Անցած տարվա սեպտեմբերից սկսված իմփիչմենթի ոդիսականն ավարտվեց ըստ կանխատեսումների. ընդդիմադիր դեմոկրատները միաձայն պնդեցին` նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, մինչդեռ ձայների մեծամասնությանը տիրապետող հանրապետականները Թրամփին պաշտոնանկ անելու հիմքեր այդպես էլ չտեսան:

Միասնական այս գիծը խախտեց միայն Յուտայից ընտրված Միթ Ռոմնին: «Ինձ համար դժվար է դեմ գնալ երկրի նախագահին ու սեփական կուսակցության առաջնորդին, սակայն ես երդվել եմ Աստծո առաջ՝ լինել անաչառ», - ըստ «Ազատության»՝ հայտարարել հանրապետական սենատորը քվեարկությունից մի քանի ժամ առաջ։

«Սահմանադրությունը լրջագույն խնդիր է դնում Սենատի առաջ` պահանջելով որոշել` արդյոք նախագահն այնպիսի ծանր հանցագործություն ու դատապարտելի քայլ է կատարել, որ պետք է պաշտոնանկ արվի: Այո՛, արել է, նա խնդրել է օտար երկրի կառավարությանը հետաքննել իր քաղաքական մրցակցին և որպես ճնշում` սառեցրել է այդ երկրին անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Նախագահն այդ քայլին գնացել է զուտ իր անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով, ուստի նա մեղավոր է», - հայտարարեց Ռոմնին:

Հանրապետական սենատորը, այդուամենայնիվ, նախագահին առաջադրված երկու մեղադրանքներից միայն մեկը պաշտպանեց` լիազորությունների չարաշահումը. այս մասով Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին 48-ը, 52-ը պնդեցին` նախագահն անմեղ է:
Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու հոդվածը պաշտպանեցին միայն դեմոկրատները` 47 ձայներով, հանրապետականներն այս դեպքում միաձայն արդարացրին Թրամփին: «Հուսով եմ, որ դեմոկրատները համապատասխան եզրակացությունները կանեն և այլևս չեն գնա նման քայլի», - քվեարկության ավարտին հայտարարեց Հանրապետական խմբակցության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը։ - «Նրանց թվում էր` սա հիանալի գաղափար է և կարող է օգուտներ բերել գոնե կարճաժամկետ կտրվածքով, բայց իրականում քաղաքական մեծ սխալ էր»։

Դեմոկրատները հակադարձեցին` իրենք բարոյակա՛ն հաղթանակ են տարել։ «Մենք գլուխներս բարձր ենք դուրս գալիս Սենատից, քանի որ պայքարեցինք հանուն ճշմարտության», - պնդեց փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը:

Աղմկահարույց այս պատմությունը սկսվել էր դեռ անցած տարի` Ուկրաինայի նախագահի հետ Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում էին, թե Սպիտակ տան ղեկավարը չարաշահել է լիազորություններն ու պահանջել, որ Կիևը հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ:
Թրամփը հակադարձում էր` դեմոկրատները «վհուկների որս» են սկսել իր ընտրության առաջին իսկ օրից։ Երեկ նույնը կրկնեց նաև փոխնախագահ Մայք Փենսը. - «Ես իսկապես համոզված եմ, որ դեմոկրատները շարունակաբար փորձում են տապալել նախագահին, որովհետև գիտեն` չեն կարող մրցել նրա հետ: Նրանք փորձեցին իմփիչմենթի ենթարկել , քանի որ գիտեն` չեն կարող հաղթել Դոնալդ Թրամփին 2020-ի նոյեմբերին: Հիմա, սակայն, ամեն ինչ ավարտված է»:

Ինքը` նախագահ Թրամփը խոստացել է Սենատի վճռորոշ քվեարկությանն անդրադառնալ այսօր ուշ երեկոյան` հատուկ հայտարարությամբ, մինչ այդ Թվիթերի իր էջում քվեարկության արդյունքը որակել է որպես երկրի հաղթանակ ու երկու տեսանյութ տարածել։ Դրանցից մեկում նա հիշեցրել է, որ իր դեմ քվեարկած միակ հանրապետականը` Միթ Ռոմնին, տարիներ առաջ չէր ստացել կուսակիցների հավանությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Մյուսում նախագահ Թրամփը պատկերված է այս տարվա նախընտրական արշավի պաստառում, հետո` 2024-ի, 2028-ի, և այդպես շարունակ. հոլովակն ավարտվում է «Հավերժ Թրամփ» կարգախոսով, առանց մեկնաբանության:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պատմության մեջ Դոնալդ Թրամփն արդեն իսկ մտել է՝ որպես Ամերիկայի երրորդ նախագահը, որին ընդդիմադիրները փորձեցին վաղաժամ պաշտոնանկ անել, բայց հաջողության չհասան: Միաժամանակ, նա առաջինն է, ով այդ փորձից մոտ ինն ամիս անց վերստին կպայքարի իշխանավարումը շարունակելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am