Գուցե «Հանրայինին» կրկին գովազդի թույլտվություն տալու նպատակը մասնավոր՝ իշխանություններին ոչ այնքան հաճելի հեռուստաընկերություններին թուլացնելն է. Նարեկ Նիկողոսյան
Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ մեկ եթերաժամում «Հանրային» հեռուստաընկերությունը կրկին հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու հնարավորություն կունենա: Նախագծի, մասնավոր հեռուստաընկերություններին սպառնացող վտանգի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանի հետ:
-Պարո´ն Նիկողոսյան, 2013 թվականին որոշվեց, որ «Հանրայինում» չպետք է լինի գովազդ, ինչի արդյունքում հեռուստաընկերության բյուջեն կրկնապատկվեց, որպեսզի փակի այդ դեֆիցիտը: Հիմա, կրկին, «Հանրայինն» այդ բյուջեով ցանկանում է նաև գովազդ ունենալ մեկ ժամում հինգ րոպե: Սա դեռ նախագիծ է, բայց ի՞նչ նպատակով է սա արվում:
-Ցանկացած նմանատիպ փոփոխություն անելու գերագույն նպատակը ոչ թե «Հանրայինի», այլ հանրային շահը պետք է լինի։ Հիմա հեռուստադիտողներն իրենց վահանակի վրա ունեն մեկ անվճար ալիք, որտեղ գովազդ չկա։ Արդյոք ժամում հինգ րոպեանոց գովազդային բլոկը դուր կգա՞ հեռուստադիտողներին, կարծում եմ՝ ոչ։ Գուցե պետք է զոհել այդ հինգ րոպեն ավելի լավ հեռուստաարտադրանք մատուցելու համար. բայց այսօր արդեն «Առաջին ալիքը» մեր երկրի ամենահարուստ հեռուստաընկերությունն է։ Արդյոք հարկատուները համաձա՞յն են ամենահարուստին ավելի հարստացնել։ Արդյոք այն պահանջները, որ հանրությունը դնում է իր փողերով ապրող հեռուստաընկերության առջև, էլ ավելի շատ ֆինանսական միջոցներով հնարավո՞ր է լուծել. կարծում եմ՝ չի կարելի միանշանակ ասել՝ այո։ Գուցե սրա նպատակը մասնավոր՝ իշխանություններին ոչ այնքան հաճելի հեռուստաընկերություններին թուլացնելն է։ Իհարկե, գովազդային շուկան սահմանափակ է, և եթե հայտնվում է նոր հարթակ, դա ֆինանսական առումով բացասական է ազդում մյուսների վրա։ Այստեղ նորից հարց է առաջանում, արդյոք ՀՀ քաղաքացիների շահերի՞ց է բխում ունենալ ավելի հարուստ և ուժեղ «Հանրային» և ավելի թույլ ու աղքատ մասնավոր հեռուստաընկերություններ։ Իհարկե՝ ոչ։ Դժվար է միանշանակ ասել, թե ինչ նպատակով է սա արվում, բայց, ինչպես տեսնում ենք, մատների վրա կարելի է բացատրել պատճառները, թե ինչու սա հեռուստադիտողների համար չէ, որ արվում է։
-Ի՞նչ վնասներ կկրեն մասնավոր հեռուստաընկերությունները, եթե այս որոշումն ընդունվի, և արդյոք եկամտի լրացուցիչ հայթայթումը քաղաքական նպատակ չի՞ հետապնդում:
- Մեր հեռուստաընկերությունները «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի հերոսի վիճակում են հայտնվել։ Տպավորություն է, թե ինչ-որ մեկը փորձում է ամեն կերպ դժվարացնել առանց այն էլ ոչ այնքան թեթև կյանքը։ Մենք, իհարկե, լուծման տարբերակներ կգտնենք, եթերում սև ֆոն չի լինի և, իհարկե, կփորձենք հավատարիմ մնալ մեր հեռուստադիտողներին։ Սակայն, կարծում եմ, ոչ միայն պետական տեսակետներին ծանոթ լինել ցանկացող հեռուստադիտողները ստիպված կլինեն շատ ավելի խճճված գովազդային և այլ տեսակի միջնորդությունների միջև գտնել իրենց իսկապես հետաքրքրող բովանդակությունը եթերում։
-«Հանրայինին» գովազդ տալը կազդի՞ մասնավոր հեռուստաընկերությունների գովազդային գների վրա, ինչպե՞ս գովազդատուին հետ պահել «Հանրային» գնալուց, և բացի այդ, «Հանրայինն» իրականում գովազդի կարիք ունի՞, թե ոչ:
- Գումարը երբեք շատ չի լինում՝ ինչպես հայտնի մուլտֆիլմի ագահ թագավորն էր ասում։ Եթե հանրության ընտրյալները որոշեն, որ «Հանրայինը» պետք է գովազդ էլ ցուցադրի, բնականաբար, գովազդային շուկայում գների փոփոխություն կլինի՝ ոչ ի նպաստ հարկատու գործարարների, ոչ ի նպաստ հեռուստալսարանի, ոչ ի նպաստ մասնավոր հեռուստաընկերությունների։
Ժամանակակից հայկական հեռուստադաշտի մասնագետների մեծ մասն ինչ-որ ժամանակ «Հանրայինում» է աշխատել, և մի տեսակ սրտացավություն բոլորս ունենք. բոլորս էլ ուզում ենք ունենալ ուժեղ «Առաջին ալիք», սակայն որպես մասնագետ և հարկատու՝ մենք տվել ու տալիս ենք առավելագույնը, դրանից առավելն արդեն վնասակար է բոլորի՝ գովազդատուի, մասնավոր հեռուստաընկերությունների, հեռուստադիտողների և գուցե հենց առաջին հերթին մեր «Հանրայինի» համար։
