Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է իր նախկին ընկերուհուն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Հ.-ի գործի դատական քննությունը:

39-ամյա Կարեն Հ.-ին մեղադրանք է առաջադրված առանձին դաժանությամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Հ.-ն առանձին դաժանությամբ սպանել է իր նախկին մտերմուհուն՝ Մարիամ Դ.-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կին ու երեք անչափահաս երեխա ունեցող Կարեն Հ.-ն մտերմացել էր Մարիամ Դ.-ի հետ, և 2015 թվականին ծնվել է նրանց համատեղ դուստրը: Երեխան բնակվել է հոր՝ Կարենի ընտանիքում, իսկ երեխայի մոր՝ Մարիամի հետ եղել են տարաձայնություններ՝ Կարեն Հ.-ն, ըստ մեղադրանքի, խոչընդոտել է երեխայի հետ մոր տեսակցություններին, մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլին երեք անգամ առանց հարգելի պատճառի խոչընդոտել է մոր ու 3-ամյա երեխայի հանդիպումներին:

Տարաձայնությունները Մարիամի հետ եղել են շարունակական, և, ըստ մեղադրանքի, 2018 թվականի օգոստոսի 30-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 33-ի սահմաններում Կարեն Հ.-ն այցելելով Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում Մարիամի Դ.-ի վարձակալած բնակարան, դանակի շուրջ 70 հարված հասցնելով, առանձին դաժանությամբ սպանել է նրան, մարմինը ծածկել է ծածկոցով ու հեռացել է:

Կարեն Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Նա դատարան է ներկայացվում հաշմանդամի սայլակով՝ հայտարարելով, թե չի կարողանում տեղաշարժվել, իրեն բժշկական հետազոտության չեն ենթարկում, չեն բուժում, ու իր վիճակը չի բարելավվում:

Դատարանը քրեական գործում առկա գրավոր ապացույցների հետազոտման փուլում է:

Քրեական գործը բաղկացած է վեց հատորից:

Հրապարակվեց ՀԿԳ քննիչի զեկուցագիրը իր վարչության պետին այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 30-ի առավոտյան, երբ ինքը զբաղված էր աշխատանքով, իր բջջային հեռախոսին է զանգել իր «կնունքի քավոր» Կարեն Հ.-ն ու խնդրել է, որ շտապ գնա Աբովյան քաղաքում գտնվող նրա տուն: Ինքն ասել է, թե աշխատանքի մեջ է, չի կարող, հարցրել է՝ ի՞նչ է պատահել, Կարեն Հ.-ն չի պարզաբանել, միայն խնդրել է գնալ իրենց տուն: Ինքը պնդել է, թե չի կարող:

Կեսօրից հետո՝ ժամը 14-ն անց 30-ի սահմաններում, Կարենը նորից է զանգել «Վայբերով», ասել է, թե ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ է: Ինքն իջել է նրա հետ հանդիպելու և տեսել է, որ Կարեն Հ.-ի ձեռքերը «բինտով» փաթաթված են: Նա հայտնել է, թե իր նախկին ընկերուհի Մարիամը, ումից երեխա ունի,խնդրել էր վաղ առավոտյան տանից վերցնել նրան ու տանել օդանավակայան: Ինքը գնացել է Մարիամի տուն: Երբ երկուսով ցանկացել են դուրս գալ տանից, իրենց վրա են հարձակվել 3-4 անծանոթ տղամարդ: Նրանցից մեկը բռնել է Մարիամին, իսկ մյուսները դանակով հարձակվել են իր վրա: Ինքը բռնել է դանակի շեղբից, վնասել է ձեռքերը և դիմել է փախուստի…

Քննիչն իր զեկուցագրում նշել է, թե հորդորել է, որ Կարենը գնա համապատասխան տարածքի ոստիկանություն, անձամբ ներկայանա ու հայտնի տեղի ունեցածի մասին: Երեկոյան քննիչը փորձել է զանգել Կարենին ու իմանալ՝ գնա՞ց ոստիկանություն, թե՞ ոչ, բայց Կարենի հեռախոսը չի պատասխանել: Որոշ ժամանակ անց քննիչը տեղեկացել է, որ Կարեն Հ.-ին ձերբակալել են:

Կարեն Հ.-ն ոստիկանությունում նույնպես ներկայացրել է վերը շարադրված պատմությունը, նշել է, որ անծանոթ տղամարդկանց կողմից ինքն ու Մարիամը ենթարկվել են հարձակման, ինքը ստացել է վնասվածքներ: Խնդրել է պարզել իրենց վրա հարձակված անծանոթ տղամարդկանց ինքնությունն ու, քանի որ վնասվածքներ ունի, իրեն տալ դատաբժշկի ուղեգիր:

Քրեական գործի առաջին հատորից հրապարակվեցին Մարիամ Դ.-ի տան մուտքի շրջակայքում տեղադրված տեսախցիկների կողմից կատարված տեսագրությունների զննության արձանագրությունները:

Տեսագրող սարքերի տեսադաշտում է եղել Արարատյան փողոցում գտնվող՝ Մարիամ Դ.-ի բնակության վայրի մուտքի դուռը:

Ըստ զննության արձանագրությունների՝ 2018 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 7-ն անց 32-ին Արարատյան փողոցի տվյալ հատվածում հայտնվել է կապույտ «Շևրոլե» մեքենա: Մինչ այդ որևէ անձ մուտք չի գործել Մարիամ Դ.-ի տուն: Ժամը 7-ն անց 36-ին Մարիամի տան մուտքի դռանն է մոտեցել կապույտ շապիկով մի տղամարդ, ձախ ձեռքին՝ ինչ-որ առարկա, կանգնել է մուտքի դռան մոտ, շարժվել է դեպի պատուհանը, նորից մոտեցել է մուտքի դռանն ու ներս է մտել:

Դրանից հետո որևէ այլ անձ Մարիամի տուն չի մտել:

Ժամը 9-ն անց 15-ին նույն կապույտ շապիկով տղամարդը ճոճվելով դուրս է եկել Մարիամի տանից, քայլել է Արարատյան փողոցով: Նրա ձախ ձեռքին ինչ-որ առարկա կար, աջ ձեռքով գրպանից ինչ-որ իր է հանել ու անհետացել է տեսախցիկի տեսադաշտից:

Ժամը 9-ն անց 46-ին վերը հիշատակված կապույտ «Շևրոլե» մեքենան հայտնվել է տեսախցիկի տեսադաշտում, ղեկին երևացել է նույն կապույտ շապիկով տղամարդը, հետո մեքենան դուրս է եկել տեսախցիկի տեսադաշտից:

Ժամը 17-ն անց 08-ին Մարիամ Դ.-ի տան մուտքի դռանն է մոտեցել սպիտակ վերնաշապիկով մի տղա: Նա խոսել է հեռախոսով, մտել է տուն: 17.09-ին տղան դուրս է եկել տանից, կանգնել է մուտքի դռան դիմաց, խոսել է հեռախոսով, մոտեցել է տեսախցիկի օբյեկտիվին, ձեռքերով ինչ-որ շարժումներ է արել: Ժամը 17.12-ին մի աղջիկ վազելով մոտեցել է սպիտակ վերնաշապիկով տղային, երկուսով մտել են Մարիամի տուն, դուրս են եկել: Նրանց են մոտեցել երկու կին:

Սպիտակ վերնաշապիկով տղան ձեռքերով խփել է գլխին:

Ժամը 17-ն անց 18-ին տանը մոտեցել է շտապօգնության մեքենան, հետո մոտեցել են ուրիշ մեքենաներ, ոստիկանական համազգեստով մարդիկ են եկել: Սպիտակ վերնաշապիկով տղան գնում-գալիս էր, իսկ շտապօգնության մեքենան հեռացել է…

Զննության են ենթարկվել նույն տան մուտքը տեսադաշտում ունեցող այլ տեսախցիկների տեսագրությունները: Այս անգամ զննությանը մասնակցել է Համլետ Ա.-ն, ով հայտնել է, թե սպիտակ վերնաշապիկով տղան ինքն է…

Նա նշել է, որ օգոստոսի 30-ին ժամը 17-ն անց 08-ին ինքն է մոտեցել Մարիամի տանը՝ եկել էր, որովհետև Մարիամը չէր պատասխանում իր հեռախոսազանգերին: Մտել է ներս ու տեսել է, որ ներքնակն արյունոտ է, հատակին ընկած մարմին կա, որը ծածկոցով ծածկված էր: Մի փոքր հետ է տարել ծածկոցն ու տեսել է, որ ընկածը Մարիամն է…

Ըստ այլ տեսագրությունների զննության արձանագրության՝ Համլետ Ա.-ն Մարիամի տուն էր եկել նաև օգոստոսի 29-ի ուշ երեկոյան: Մարիամը տանը չէր, Համլետը նրան կանչել է հարևանուհու տանից, նրանք միասին մտել են Մարիամի տուն: Գիշերվա ժամը 4-ն անց 22-ին Մարիամի տան մոտ կանգնել է մի մեքենա, Համլետ Ա.-ն հայտնել է, որ դա իր կանչած տաքսին էր: Նա դուրս է եկել Մարիամի տանից, նստել է տաքսի ու հեռացել է:

Դրանից հետո, մինչև առավոտյան ժամը 7-ն անց 32-ին կապույտ շապիկով տղամարդու մուտք գործելը, Մարիամի տուն այլևս ոչ ոք մուտք չի գործել՝ ըստ տեսագրությունների զննության արձանագրության:

Զննությանը մասնակցած, գործով վկայի կարգավիճակ ստացած Համլետ Ա.-ն հայտնել է, որ կապույտ շապիկով տղամարդը Կարեն Հ.-ն է՝ Մարիամի նախկին ընկերը, ումից Մարիամը երեխա ուներ, երեխան ապրում է հոր հետ: Համլետ Ա.-ն հայտնել է, թե Կարենին տեսել է Մարիամի մոտ եղած լուսանկարներում, ինչպես նաև սոցցանցերում եղած լուսանկարներում:

Հրապարակվեց Կարեն Հ.-ի՝ Աբովյանում գտնվող տանից առգրավում կատարելու արձանագրությունը: Կարենի կինը հանձնել է նախորդ օրը Կարենի հագին եղած հագուստը՝ կապույտ շապիկ ու հնամաշ կապույտ տաբատ: Կինը հայտնել է, թե ամուսինը այդ շորերեով է նախորդ օրը տուն եկել, ինքը լվացքի մեքենայով լվացել է այդ հագուստը, որն արյունոտ չի եղել: Հետո կինը հավելել է, որ տաբատի ծնկին մի փոքր հատված արյունոտվել էր, երբ ամուսինը վնասված ձեռքը դրել էր ծնկին… Հագուստը փաթեթավորվել և առգրավվել է:

Խուզարկություն է կատարվել Կարեն Հ.-ի մեքենայում, կատարվել է կասկածելի հետքերի առգրավում:

Կատարվել է առգրավում՝ ՁՊՎ-ում գտնվող Կարեն Հ.-ի սավանն ու բարձի երեսն են առգրավվել, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Առգրավման արձանագրության մեջ նշված էր, թե տվյալ խցում Կարեն Հ.-ն մենակ էր, սավանն ու բարձի երեսը նրան էին տրամադրված:
Այս փաստաթղթի հրապարակումից հետո Կարեն Հ.-ն հայտարարեց, թե ՁՊՎ-ում իրեն անկողին չի տրամադրվել, ինքը անկողնում չի քնել, չգիտի՝ ինչ անկողնու մասին է խոսքը:

Հրապարակվեց Կարեն Հ.-ի բնութագիրը՝ տրված բնակության վայրից: Նշված էր, որ Կարեն Հ.-ի խնամքին են չորս անչափահաս երեխաները՝ 16, 15, 13 և 4 տարեկան: Վերջին երեխան տուժող Մարիամ Դ.-ի ու Կարեն Հ.-ի դուստրն է: Կարենի խնամքին են նաև կինն ու վատառողջ մայրը: Ըստ բնութագրի՝ Կարենն է ընտանիքի միակ կերակրողը: Նա բնութագրվել է որպես «հարևանասեր, բարյացակամ, կիրթ ու բարեհամբույր մարդ», նրա մասնակցությամբ հակահասարակական «երևույթներ» «չեն նկատվել», թաղային լիազորությունը նրան բնութագրել է «դրականօրեն»:

Ըստ քրեական գործում առկա փաստաթղթերի՝ Կարեն Հ.-ն ծառայել է բանակում:

Հրապարկվեցին բժշկական փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Կարեն Հ.-ն ունեցել է առողջական խնդիրներ՝ ճնշման ու սրտի հետ կապված:

Հրապարակվեց արձանագրություն՝ զննություն կատարելու մասին՝ ՁՊՎ-ում գտնվող Կարեն Հ.-ի մարմինը զննվել, ու վնասվածքներ են հայտնաբերվել ձեռքերի շրջանում՝ սալջարդ վերք, քերծվածքներ, կտրած վերքեր:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ հիշյալ վնասվածքներով Կարեն Հ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Նշվել է, որ քերծվածքները կարող էին պատճառվել մարդկային եղուգներով՝ քաշքշուկի կամ ճանկռոտելու արդյունքում: Ձեռքերի մատների ու ափի կտրած վերքերը պատճառվել են սղոցանման եզր ու սուր եզր ունեցող առարկաներով…

Կարեն Հ.-ն հայտարարեց. «Ուզում եմ արդար լինի ամեն ինչ…»: Ապա նախագահողին դիմելով՝ շարունակեց. «Ձեր կողմից դեռ անարդարություն չեմ տեսել, բայց մինչև ձեզ շատ եմ տեսել…»:

Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 8-ին, դատարանը կշարունակի քրեական գործում առկա գրավոր փաստաթղթերի հրապարակումն ու հետազոտումը:

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am