Անկարան ու Բաքուն դիտարկում են սադրանքի տարբերակը

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

«Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են», -փաստեց դեմոկրատ Բրեդ Շերմանը, արձանագրելով` ԱՄՆ-ը վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից` Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար: «Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը», - հայտարարեց Շերմանը, ով բանաձևի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլև` Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պարոն Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի», ֊ գրել էր Շերմանը:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է է՛լ ավելի սրել թուրք֊ամերիկյան` առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Պաշտոնական Անկարայից շարունակում են արձագանքներ հնչել Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ: «Այս որոշումը ոչ մի արժեք չունի: Մենք այն չենք ճանաչում», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Էրդողան արձանագրել է, որ «իր երկրին ուղղված զրպարտանքը» ընդունվել է ամերիկյան կոնգրեսի կողմից: «Իրենք նվագում են, իրենք էլ պարում: Մենք ասել ենք՝ եկեք այս հարցը պատմաբաններին ու հնագետներին թողնենք: Թող նրանք ուսումնասիրեն: Այս հարցին քաղաքական աստառ մի տվեք: Մեր արխիվներում մեկ միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Մինչև օրս հայերը ոչ մի արխիվ չեն կարողացել ներկայացնել, քանի որ չկա: Միայն դատարկ խոսքերով ոչնչի չեն հասնի: Մեղավոր ես ասելով, մեզ չեք կարող մեղադրել: Մենք չենք ճանաչում այս որոշումը», - ասել է նախագահ Էրդողանը:

Միաժամանակ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու: Պաշտոնական Անկարայից մի շարք պաշտոնյաներ քննադատական արձագանքներ են հնչել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ընդունած բանաձևի վերաբերյալ:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ամոթալի է որակել ամերիկյան կոնգրեսի որոշումը՝ նշելով, թե «այս բանաձևը, պատմությունը քաղաքականության գործիք դարձնելու ևս մի օրինակ է»: «Թուրքիային ցեղասպանություն գործելու համար մեղադրողները նախ թող սեփական պատմությանն ու իրենց աջակցած ահաբեկչական կառույցների՝ ԱՍԱԼԱ-ի և Քուրդիստանի բանվորական կուսակցության արյունոտ անցյալին նայեն», - իր թվիթերյան էջում գրել է Քալընը:

Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին սեփական պատմությանը առերեսվելու կոչ է արել նաև Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Նա «անօգուտ նախաձեռնություն» է համարել բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, թե այն իրենց համար առ ոչինչ է: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է ամերիկացի կոնգրեսականների որոշումը: Ալթունը Թվիթերում գրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ հայտարարել էր, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»:

Բանաձևի ընդունումը՝ նա անվանել էր «ամոթալի»: «Նրանք, որոնց ծրագրերը խախտվել են, դիմում են հին բանաձևերին: Եթե կարծում են, որ այդ կերպ վրեժ են լուծելու, սխալվում են: Այս ամոթալի որոշումն այնպիսի մարդիկ են ընդունել, որոնք օգտագործում են պատմությունը քաղաքականության մեջ, և մեր կառավարության ու ժողովրդի համար այս որոշումը հավասար է զրոյի»,- իր թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ այս որոշումը «հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948թ. կոնվենցիայի սկզբունքները»:

Դե իսկ Էրդողանի ցասմանը սահման չկա... Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջնական որոշում չի կայացրել նոյեմբերի 13-ին ԱՄՆ այցելելու վերաբերյալ: «Իմ այցն ԱՄՆ հարցականի տակ է»,- ասել է նա: Անցյալ շաբաթ Էրդողանը հաստատել էր, որ մտադրված է նոյեմբերի 13-ին այցելել ԱՄՆ՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ անկեղծ ու ազնիվ է եղել իր հետ, և ինքն ուրախությամբ կընդունի հրավերը:

Հաշվի առնելով Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունները, տիրող ոգևորությունը՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու կապակցությամբ, կարելի է ենթադրել, թե ինչ կա Ալիևի ու Էրդողանի մտքում: Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ արդեն իսկ արտահայտվել են այդ թեմայով:

Եվ նման իրավիճակում չի կարելի բացառել, որ Բաքուն և Անկարան միահամուռ ուժերով առաջիկայում դիմեն սադրանքների:

Նկատենք, որ անցյալ գիշեր վաղ առավոտյան Տավուշում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանության նախարարությունը փաստեց, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»:

Թամար Բագրատունի

դիտվել է 1287 անգամ
Լրահոս
Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am