Հարձակման կանաչ լույս, հետո՝ պատժամիջոցներ. ԱՄՆ-ի տարօրինակ պահվածքը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է անել անհապաղ զինադադար հաստատել Սիրիայում։ Փենսը վստահեցրել է, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խիստ է խոսել Էրդողանի հետ: ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ շուտով մեկնելու է տարածաշրջան՝ միջնորդելու ճգնաժամի հանգուցալուծման նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին է սկսել ռազմական գործողությունները Սիրիայի հարավ-արևելքում: Այդ տարածաշրջանում արդեն ավելի քան 160 հազար քաղաքացիական անձ լքել են իրենց տները: «Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չի պատրաստվում հանդուրժել Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Մենք կոչ ենք անում Թուրքիային կանգ առնել, վերջ տալ բռնություններին և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - Փենսի խոսքերն է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունելու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։

«Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարները, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչությունները», - Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի խոսքով էլ՝ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել սիրիացի քրդերի և Թուրքիայի ղեկավարների հետ: «Նախ նա հեռախոսազրույց է ունեցել քուրդ գեներալ Մազլումի հետ, նրանից տեղեկացել ծավալվող իրադարձությունների մասին: Գեներալ Մազլումը զեկուցել է նախագահ Թրամփին, որ թուրքական բանակը առայժմ չի հատել 30-մղոնանոց բուֆերային գոտու սահմանը, սակայն լուրջ մտահոգություններ է հայտնել Քոբանի քաղաքում ստեղծված կացության վերաբերյալ: Դրանից հետո նախագահ Թրամփը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` վերջինիս խնդրանքով: Այդ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը նրան հստակորեն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դադարեցնի Սիրիայի հյուսիսում ծավալած հարձակումը», - նշել է ԱՄՆ փոխնախագահը: Մայք Փենսի խոսքով՝ ամենամոտ ապագայում իր ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա` Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ չնայած Ասադի զորքերի առաջխաղացմանը՝ Թուրքիան մտադիր չէ դադարեցնել հարձակումը Սիրիայում: Պաշտոնական Անկարան չի պատրաստվում դադարեցնել այդ երկրի հյուսիսում անցած շաբաթ մեկնարկած հարձակումը, այդ մասին նախօրեին Բաքվում՝ Համաթյուրքական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Չնայած բոլոր ճնշումներին և սպառնալիքներին՝ [Սիրիայում] իրականացվող գործողությունն ավարտին հասցնելու հարցում մենք շատ հաստատակամ ենք: Ես ցանկանում եմ դա հստակորեն հայտարարել` մենք մեր գործը լիարժեքորեն ավարտին ենք հասցնելու», - հայտարարում էր Էրդողանը:

Երկուշաբթի օրը թուրքական բանակի գործողությունները հիմնականում կենտրոնացել էին Ռաս ալ-Այն քաղաքի մերձակայքում: Թուրքական հրետանին ժամեր շարունակ հրետակոծում էր քաղաքը: Մեկ այլ սահմանամերձ բնակավայր` Թել Աբյադը, երկուշաբթի օրը թուրքական բանակի և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների հսկողության տակ անցավ: Թուրքամետ զինյալները քաղաքի կենտրոնում այրեցին քրդական դրոշը` փոխարենը բարձրացնելով սիրիական ընդդիմության եռագույնը:

Թուրքական հարձակման հետևանքով, ի դեպ, առավելապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ստիպված էին լայնածավալ զորահավաք կազմակերպել, որի արդյունքում ռազմաճակատ ուղարկվեցին նաև տարածաշրջանի խոշորագույն կալանավայրերի և ռազմագերիների ճամբարների պահակազորների անդամները: Որպես հետևանք՝ հանգստյան օրերին հարյուրավոր իսլամիստ զինյալներ, հիմնականում՝ «Իսլամական պետություն» խմբավորման նախկին զինյալներ, հայտնվեցին ազատության մեջ:

Քրդերի հասցեին, սակայն, մեղադրանքներ են հնչում, որ նրանք դիտավորյալ են ազատ արձակել գերեվարված զինյալներին` առավել ակտիվ միջազգային արձագանք ակնկալելով: Առաջինն այդ մասին Twitter-ում գրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ենթադրելով, թե այդ քայլով քրդերը հույս ունեին, որ ամերիկացիները կմիջամտեն Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պնդմամբ էլ՝ առնվազն մեկ կալանավայրի պարագայում քրդական ուժերը «Իսլամական պետության» նախկին զինյալներին տարել են անհայտ ուղղությամբ: «Դուք գիտեք, որ ռազմական գործողությունների գոտում որոշակի խնդիրներ կան՝ կապված «Իսլամական պետության» զինյալների համար նախատեսված բանտերի հետ: Մեր վերահսկողության ներքո գտնվող շրջանում նման մեկ կալանավայր կար, և մենք պատրաստվում էին շատ լուրջ ջանքեր գործադրել այնտեղ խիստ հսկողություն սահմանելու նպատակով: Բայց երբ մեր զինվորականները մուտք գործեցին այդ բանտ, պարզվեց, որ [քրդական] Ժողովրդական պաշտպանության ուժերն արդեն լքել են տարածքը` տեղահանելով նաև բանտարկյալներին», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` չհստակեցնելով, այդուհանդերձ, թե քրդական ուժերն ուր են տեղափոխել իսլամիստ զինյալներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1116 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am