«Մինչև վերջ,տղու պես հետդ եմ…». Նոր մանրամասներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Սարգիս Վարդանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը:

Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Նախորդ նիստերից մեկում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը միջնորդել էր պաշտպանական կողմին տրամադրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը: Դատարանը, կողմերին լսելով, մերժել էր միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նախկին պաշտպան, փաստաբան Ս. Ջաղինյանի կողմից համանման միջնորդություն դատարանում արդեն իսկ արվել է, դատարանը որոշում է կայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացրել նաև վերաքննիչ դատարանը:

Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները դատարանում հրապարակվել են դռնփակ պայմաններում՝ հաշվի առնելով այդ խոսակցություններում հայհոյանքների առատությունը:

Մինչ այդ դռնբաց պայմաններում հրապարակվել էր նույն հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունների զննության արձանագրությունը: Մասնավորապես՝ հրապարակվել էր Սարգիս Վարդանյանի և Սուրեն Մ.-ի այն խոսակցությունը, որի ժամանակ Սարգիսն առաջարկել էր, որ Սուրենն իր վրա վերցնի վթարի մեղավորությունը.

«Սարգիս-Հալալ ախպերդ կարա՞ քեզ մի բան խնդրի»:

«Սուրեն-Հա, ո՞նց չի կարա»:

«Սարգիս-Ոտքի վրա ձիգ ձևի քեզ պահի, բ…-ի տղա ըլնեմ, մինչև վերջ, Աստվածիս արև, տղու պես հետդ եմ…»:

«Սուրեն-Տոչնի ա սաղ… Կասեմ՝ վատ եմ զգացել պռոստը ինձի…»:

Սակայն Սուրենի՝ «մեղայականով» ներկայանալու կեղծ լինելը կարճ ժամանակում բացահայտվել է, Սուրենին բաց են թողել, դրանից հետո Սուրենը Սարգիսի եղբայր Սերժի հետ հեռախոսային խոսակցությունում ասել է.

«Սուրեն-Կամերաներով սաղ դրած-նկարած… Աբովյան-խաչմերուկի կամերաներով… Էդի բերին ցույց տվին,ասին՝ ո՞ւր ես, ինձի չտեսան…»:

«Սերժո-Բա ո՞ւմ տեսան…»:

«Սուրեն-Չեմ մանում, ընդեղ սաղ խառը խշտի… 100 տոկոս սաղ էրևում էր, հատ-հատ սաղ էրևում ա…»:

«Սերժո-Էդի հեսա Շամշյանը կգցի սայտ…»:

«Սուրեն-Չեմ մանում ոնց ա էղել… Էն կամերաներից կար՝ ֆռովիներից, սաղ սենց ֆռցրե նկարել էին… սաղ էրևում ա՝ ընդեղ ինչա, ոնցա…»:

Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարկումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը նորից միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին տրամադրի Սարգիս Վարդանյանի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերահսկում իրականացնելու թույլտվության վերաբերյալ բոլոր նյութերը:

Դատական այս նիստում փաստաբանը հիմնավորեց միջնորդությունը՝ միաժամանակ անդրադառնալով տվյալ միջնորդության դեմ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների գրավոր առարկություններին:

Նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Հ. Մարտիրոսյանի խոսքի մեջ ակնհայտ էին դատախազական շեշտադրումները՝ մեղադրական տոնայնությամբ՝ նախաքննական բացթողումների ու խախտումների վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ իր պահանջած նյութերը առաջին հերթին դատարանին են անհրաժեշտ՝ գործը լրիվ, օբյեկտիվ քննության ենթարկելու համար: Պաշտպանը դատարանին կոչ արեց. «Վե՛ր կանգնեք այս ամենից, մի՛ միացեք կատարված կեղծիքներին…»:

Պաշտպանն անդրադարձավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների արտահայտած դիրքորոշմանը, թե ամբաստանյալի նախորդ պաշտպանն արդեն ներկայացրել էր համանման միջնորդություն: Ըստ Հ. Մարտիրոսյանի՝ այս մոտեցումը «ոչ մի աղերս չունի օրենքի հետ»:

Բանն այն է, որ ողբերգական պատահարից հետո ոստիկանությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, թե Սարգիս Վարդանյանը կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ. ըստ որոշ տեղեկությունների՝ նա դիտավորությամբ էր հարվածել ոստիկանական մեքենային ու նրա գործողություններում կարող էին լինել դիտավորությամբ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներ, որոնց արդյունքում տուժողները մահացել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին, 2-րդ մասերով:

Հետաքննության մարմինը դատարանին միջնորդել է թույլատրել «Սարգիս Վարդանյանի կողմից շահագործվող» հեռախոսահամարների ելքային ու մուտքային զանգերի վերահսկում օպերատիվ-հետախուզական գործողության իրականացումը: Դատարանն էլ որոշմամբ տվել է այդ թույլտվությունը՝ արձանագրելով, թե որոշումը կայացրել է ներկայացված «նյութերը» հետազոտելով ու կողմերին լսելով: Սակայն գործի քննության ընթացքում չի հաստատվել այն վարկածը, թե Սարգիս Վարդանյանը դիտավորյալ ծանր հանցագործություն է կատարել: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով քրեական գործ չի հարուցվել, Սարգիս Վարդանյանն այժմ մեղադրվում է անզգույշ, միջին ծանրության հանցագործության՝ երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի ու պատահարի վայրը թողնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Պաշտպան Մարտիրոսյանը մի քանի անգամ նշեց ու ընդգծեց, որ Սարգիս Վարդանյանը չի կատարել ծանր հանցագործություն, բայց այդ անվան տակ դատարանից թույլտվություն է ստացվել, ու գաղտնալսվել են ինչպես Սարգիսի, այնպես էլ տվյալ գործի հետ ոչ մի կապ չունեցող անձանց հեռախոսազրույցները:

Ըստ Հ. Մարտիրոսյանի՝ դատարանի կողմից կայացված՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու որոշումը եղել է ակնհայտ ապօրինի: Քանի որ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրվել է՝ Սարգիս Վարդանյանի կողմից ծանր հանցագործություն կատարելու կասկածը ներկայացնող ինչ-ինչ նյութերի հիման վրա, ապա, ըստ պաշտպանի, Վարդանյանի կողմից ծանր հանցագործություն կատարելը չհիմնավորվելուց հետո գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պետք է ոչնչացվեին, այլ ոչ թե կցվեին միջին ծանրության անզգույշ հանցագործության վերաբերյալ քրեական գործին և օգտագործվեին Վարդանյանի դեմ:

Պաշտպան Մարտիրոսյանն ընդգծեց, որ դատարանի որոշմամբ խախտվել է Սարգիս Վարդանյանի՝ հեռահաղորդակցության հիմնարար իրավունքը: Մարտիրոսյանը մեջբերեց՝ դատարանը որոշումը կայացրել է «ներկայացված նյութերի ուսումնասիրության հիման վրա», սակայն ո՞ւր են այդ նյութերը, ո՞ւր է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով հարուցված:

Պաշտպան Հ. Մարտիրոսյանը, անդրադառնալով իր միջնորդության դեմ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների գրավոր առարկություններին, նշեց. «Երկնել են, այսինքն՝ ստեղծագործել են, որ իմ ներկայացրած միջնորդությունն անհիմն ու անհասկանալի է»: Բայց նրանք հաշվի չեն առել, որ այդ դիրքորոշումը պաշտպանի վերաբերմունքին է արժանանալու, պաշտպանի վերաբերմունքն էլ բխում է իր պաշտպանյալի շահերից:

Ըստ Հ. Մարտիրոսյանի՝ հետաքննական մարմնի ու մնացած օղակների կողմից անօրինականությունների շղթա է ստեղծվել, «մեղադրանքի կողմի ակնհայտ ապօրինությունները սրբագրվել են դատարանի կողմից»: Պաշտպանը մտավախություն հայտնեց, որ անօրինականությունների շղթան կարող է շարունակել նաև այս դատարանը՝ տվյալ գործի քննության ընթացքում:

Հ. Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այս գործով մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը առկա ապօրինությունների պատճառով «հուզմունք է ապրել», պաշտպանը, իր դատախազական անցյալը աչքի առաջ ունենալով, նույնիսկ պատկերացրել է՝ ինքը լիներ, ի՞նչ էր անելու:

Հ. Մարտիրոսյանը կարևոր համարեց, որ պարզվի՝ հետաքննական մարմնի կողմից ի՞նչ նյութեր են ներկայացվել դատարան՝ Սարգիս Վարդանյանի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ ի՞նչ նյութեր են, որոնք ուսումնասիրելով՝ դատարանը տվել է հեռախոսային խոսակցությունների վերահսկում անցկացնելու օպերատիվ-հետախուզական գործողություն կատարելու թույլտվություն: Նման գործողությունը կարող էր իրականացվել երեք համաժամանակյա պայմանների առկայության դեպքում՝ օրենքով նախատեսված դեպքում, օրենքով նախատեսված կարգով ու դատարանի որոշմամբ,բայց խախտումներ են կատարվել բոլոր երեք պայմանների ապահովման հարցում: Պաշտպանը ստեղծված իրավիճակը գնահատեց որպես «իրավական նիհիլիզմ»:

Դատարանը թույլատրել է վերահսկել մի քանի հեռախոսահամարներից կատարվող ելքային ու մուտքային զանգերը՝ այդ համարները անվանելով Սարգիս Վարդանյանի կողմից «շահագործվող», սակայն իրականում այդ համարները պատկանում էին բոլորովին այլ մարդկանց, այսինքն՝ խախտվել են ոչ միայն Վարդանյանի, այլև ուրիշների իրավունքները:

«Կեղծիք է կատարվել…, օպերատիվ-հետախուզական գործողությունն իրականացնողները գործել են անբարեխիղճ…. այդ գործողության արդյունքները ենթակա են եղել ոչնչացման, բայց չեն ոչնչացվել և օգտագործվել են Սարգիս Վարդանյանի դեմ»,- ասաց պաշտպանը:

Նա մասնավորապես հիշատակեց Սարգիսի ու Սուրեն Մ.-ի հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ Սարգիսը հորդորել է Սուրենին՝ իր փոխարեն ներկայանալ ոստիկանություն ու պատահարի պատասխանատվությունը ստանձնել: Ըստ պաշտպանի՝ ապօրինի գաղտնալսված խոսակցությունները «նրբորեն ու քողարկված ներդրվել են մեղադրական եզրակացության մեջ, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով կատարված արարքի մասին խոսք չկա, բայց օգտագործված են այդ հոդվածի մատնանշմամբ իրականացված գաղտնալսումների արդյունքները:

«Զարմանք եմ ապրում, վարույթն իրականացնող մարմինը պիտի պատկերացներ, որ այդ նյութերն անթույլատրելի է ներկայացնել այս գործում… Չի կարող պատահել, որ դատախազը չիմանար, թե քրեական օրենսգրքի 112 հոդվածով հանցագործություն չի կատարվել… Ինձ սարսափեցնում է դա, ես դատողություններ եմ անում այն խոհանոցի մասին, որը լավ գիտեմ… Սա դեռ խախտումների ժուռնալն է, իսկ գործի քննության ընթացքում մենք կանդրադառնանք հարցերին՝ Սարգիս Վարդանյանը կատարե՞լ է մեղսագրված արարքները, նա մեղավո՞ր է, թե՞ չէ…»,- ասաց պաշտպանը:

Որպես «վերջին ակորդ»՝ պաշտպանը հիշատակեց Վճռաբեկ դատարանի որոշումը՝ Սամվել Բաբայանի ու մյուսների գործով ու դիմեց դատարանին. «Այդ լույսի ներքո պարտավոր եք պահանջել պաշտպանական կողմի նշած նյութերը ու գնահատական տալ դրանց… Հավատացած եմ, որ կկայացնեք արդարացի դատական ակտ… »:

Դիմելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններին՝ պաշտպան Հ. Մարտիրոսյանը ասաց. «Նայեք իմ դեմքին ու ասեք՝ ինչո՞ւ չեք պահանջում նշված նյութերը…»:

Դատական հաջորդ նիստին պաշտպանի միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումները կհայտնեն մեղադրանքի և տուժող կողմերը:

դիտվել է 862 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am