Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցում որևէ խոչընդոտ այս պահին չկա. Գլխավոր դատախազ
«Նարեկ Սարգսյանի էքստրադիցիոն գործընթացի փուլում ենք գտնվում, ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը, ակնկալում ենք մեր գործընկերների պատասխանը:
Կոնվենցիոնալ կարգավորումներից զատ, այլ խոչընդոտներ կամ պրոբլեմներ չկան այս պահին», -ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացին:
Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու մասին ամիսներ առաջ հայտարարել էր ոստիկանությունը: Ըստ աղբյուրի՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: