Ձեր ոտքը զգույշ դրեք Հայոց հողին

Մի կյանքը շատ է: Ակնթարթի համար անգամ արժե ապրել: Հաճելի պահեր կարող եմ ե՛ւ պարգեւել, ե՛ւ ստանալ: Մի ընդարձակ պատմվածք ունեմ՝ «Ուզում եմ ասեմ՝ աշխարհն իմանա»: Իսկ ինչո՞ւ աշխարհն իմանա… Իսկական գրականության մասշտաբն աշխարհն է: Գրականությունը մի կայսրություն է, որ սահման չունի: Դա մի տերություն է, որի թագավորը հենց ինքը՝ գրողն է: Գրողի խոսքը թագավորի խոսք է, որ աշխարհը պիտի իմանա: Ասողն անմասն չի լսողից: Ասելը վայելք է, լսելը՝ եւս: Ես ապրում եմ երկու սահմանի միջակայքում: Այնտեղ, որտեղ ակնարթն է ծնվում՝ հաճույքի պահը: Անհապաղ հանձնում եմ մահվան ծոցին: Իմ գիրը մահացած կյանք է: Մահվան մեջ անմահությունն է ապրում: Անընդհատ փնտրտուքի մեջ եմ: Ստեղծածս քարացած գիր է, տապանագիր, որտեղ հավիտենական ակնթարթն է ապրում: Ըմբոշխնում եմ, մտովի որոճում գտածոս եւ փափագում, որ  վայելեմ ոչ միայն ես: Փափագում եմ, որ այդ մասին աշխարհն իմանա: Դրա համար էլ գրում եմ:  Իմ ուրախությունը կիսատ է, երբ այն միայն ես եմ վայելում: Կատարյալ երջանկության համար շատերի մասնակցությունը խիստ ցանկալի է: Կարող եմ, չէ՞, չգրել: Երջանիկ եմ ե՛ւ տալիս, ե՛ւ ստանալիս: Ոչ ոքի չեմ ուզում զրկել վայելքի պահից: Գրականությունը սեր է՝ փոխադարձ հասցեով: Էսօր քիմքս քաղցրացրեց չքնաղ մի էակ, շնչահատ ու փխրուն մի գոյություն, մեկն օրիորդաց օրիորդներից, լրագրության մեջ՝ նման անարյուն ճպուռի, ով Եղիշեի հանգով ասած՝ ապրում է իր երգի քաղցրությամբ:  Օրիորդը գրել էր գողի մասին, պեղել նրա կյանքն ու հանցագործի մեջ հայտնաբերել մարդուն: Այ քեզ հայտնագործություն… Մարդ, ով իր կյանքի զգալի մասը անց էր կացրել ճաղավանդակում: Ով սեր է ունեցել ու բանտում անգամ ազատ եղել սիրով: Դոստոեւսկին ասում էր՝ սիրով կփրկվի աշխարհը, եւ ոչ թե սերը կփրկի աշխարհը: Իր սիրով նա փորձել էր փրկել իր բաժին աշխարհը, բայց կես ճանապարհին Ռուբին Հուդի պես հայտնվել բանտում: Սոնան իր ակնարկով մեծ նպատակ չէր հետապնդել, այլ ընդամենը կենդանացրել էր մեռած մի հոգի՝ զակոննի գողի, ում Ուդի էին ասում: Իմ լավ աղջիկ, իմ չքնաղ Սոնա՝ ինչքան սեր կա քո փոքրիկ սրտում, որ կարողացել ես հանցագործի մեջ անգամ Մարդ տեսնել, գուրգուրել ու փայփայել մարդավայել… Գող, ով գիրք էր գրել իր ձախուծուռ կյանքի մասին: «Կա միայն սեր, հարգանքը հնարովի բառ է, որպեսզի լցնեն այն դատարկ տեղը, որտեղ սեր պիտի լիներ…»,- ասում է Ուդին եւ լավ է ասում… Իմ Սոնա, քո ակնարկով դատարկություն չէ, որ դու լցրել ես… Այն ամբողջովին սեր է, սեր, որ լցրել ես կրկին սիրով: Առօրեական կյանքում այնքան պակասում է անկեղծությունը, այնքան արհեստական է այն, ձեւական, կեղծ ու անպիտան… Սոն ջան, միշտ եղիր այդպես, սեր դիր գրչիդ ծայրին, որ ծակես մարդկանց սրտերը, եւ միգուցե անզգա սրտերում անգամ բողբոջի սերը… Միգուցե նրանք եւս աշխարհին նայեն սիրով… Իմ լավ աղջիկ, իմ սիրուն Սոնա, միգուցե ինչ-որ մեկի համար՝ Սոնա յար… Էս տողերն էի գրում, երբ մարդ տեսա: Աջ կողմից էր գալիս: Ժպտալով գալիս էր աշխարհի ամենաանժպիտ մարդը՝ Կտրիճ Սարդարյանը: Գալիս էր ինձ ուրախացնի: Ասում էր. - Առանց ծիծաղելու, քո պատմվածքները չեմ կարողանում կարդալ… Հո ծիծա՞ղ չի… Դուռ, պատուհան փակում եմ, որ ինձ գժի տեղ չդնեն… Դե, ո՞նց չծիծաղի, երբ ցուցարարների պոռթկումն եմ նկարագրում: Երբ քայլ էին անում ու մերժում Սերժին… Երբ բռունցքները սեղմած՝ ճչում, թռչկոտում, ու իր ահռելի հետույքով այն կինն էր ծափահարում… Նա էլ էր մասնակցել  ցույցերին: Միգուցե եւ տեսել հետույքով ծափահարող կանանց… Եվ դա ծիծաղելի էր: Ծիծաղելիից անծիծաղելին մեկ քայլ է: Ատելության աշտարակը փլվեց: Ում համար դա հեղափոխություն էր, ում համար՝ տեղափոխություն, իսկ ինձ համար՝ ընդամենը պատմվածք՝ Երիքովի անկումը: Նիկոլի կողքով քայլածները, թերեւս նաեւ չոչարածները, պաշտոն ստացան: Հիմա նրանք ամուր նստած են աթոռներին: Ով դասարան անգամ չի կարող ղեկավարել, հիմա մի ողջ բնագավառ է ղեկավարում: Կառավարումը թթու թան չի, ամեն մարդու էլ բան չի: Ալավերդու թիվ 2 դպրոցում ուսուցիչ էի: Ես պատմություն էի պարապում, իսկ գլխավերեւս՝ չգիտեմ, թե ինչ… Թրխկ, դրխկ, դըդըմ, դըմբ-դըմբ-դըմբ… ոնց որ մոնղոլ-թաթարական արշավանք… Դասս կիսատ թողած՝ վեր բարձրացա: Տեսածս ավելին էր, քան պատկերացրածս: Ուսուցիչը դասամատյանը դրել էր աթոռին, ամուր նստել վրան, իսկ աշակերտներն օդում սավառնում էին: Ուսուցչի դերը սոսկ մատյանի պաշտպանությունն էր, որն առայժմ անփորձանք էր տանում: Առակս զի՞նչ կուսուցանե. ներկա իշխանավորներն արդյոք կարո՞ղ են պատվով դուրս գալ ավելի քան կարեւոր փորձությունից: Այլեւս պախարակվելու տեղ չունենք: Պաշտոնը սոսկ աթոռ չի, որ տակիդ ամուր պահես: Պաշտոնը գործունեության լայն հնարավորություն է… Բայցեւայնպես, ոտքներս բախվում են խութերի, ամռան լույսի տակ անգամ խարխափում ենք: Հայաստան աշխարհն ասես սնանկ լինի հայտարարված: Շարունակ կրճատումներ, օպտիմալացում, օպտիմալացում… Դա այն դեպքում, երբ նվազագույն նպաստը 16 հազար դրամ է, իսկ օրինապահ մարմինների կենսաթոշակի գումարը հասնում է մինչեւ 900 հազար դրամի: Ինչպիսի ճեղքվածք… Անդունդը մարդկանց միջեւ է: Եվ դա՝ սոցիալապես անապահով երկրում: Վերնիսաժում կանգնած՝ այդ խնդիրն էինք քննարկում. - Ի՞նչ տրամաբանությամբ են քննիչներին, դատավորներին ու դատախազներին այդքան ահռելի կենսաթոշակ նշանակում,- զայրանում են մարդիկ… - Որպեսզի կաշառք չվերցնեն,- պարզաբանում ենք: - Դե թող գողերին էլ բարձր թոշակ տան, որ գողություն չանեն,- առարկում է գրավաճառ Աշոտ Աբաջյանը… Կոռուպցիայի դեմ ենք պայքարում, իսկ աղքատությունը ծայրաստիճան սրված է: Հեռուստացույցից հենց նոր իմացա. ամուսնուն կորցրած չորս երեխաների տեր կինը սնունդ հայթայթելու համար տասը հազար դրամ էր գողացել, որի համար սպառնում էին բանտարկել: Երեխաները թե ում խնամքին էին թողնելու՝ Աստված գիտե: Կինը պաղատում էր՝ իրեն չկալանավորել, մինչեւ ավագ որդին բանակից գա, որ երեխաներին պահող լինի: Օրենքի երկիր ենք երեւակայում,  աղքատությունն է պատժվում: Միայն ունեցվածքով չէ, որ աղքատ ենք: Հոգով ենք աղքատ: Էս է, անամոթաբար ձեռքները երկարել՝ մշակույթի օջախ են փակում: Մանկությանս քաղաքի պատկերասրահի հետագա գոյությունը հարցականի տակ է: Այն դարձել է Հայէկոնոմբանկի, մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի նախկին ղեկավարների խարդավանքի զոհը: Արվեստի օջախ է ծածուկ վաճառվել՝ առանց հաշվի առնելու ալավերդցիների հոգեւոր պահանջմունքները: Ժամանակի թելադրանք է՝ արվեստը մոտեցնել ժողովրդին, իսկ մենք, ընդհակառակը՝ խլում ենք նրա վերջին հնարավորությունը: Անկախությունից սկսած՝ Լոռվա էն մութ ձորում խորտակվում է Ալավերդի քաղաքը, սուզվում խավարում եւ հոգեւոր անդունդում: Տնտեսական անկմանն ավելացել է մշակութային քաղցը: Պատկերասրահն իր համեստ կարողությամբ թերեւս այն փոքրիկ օազիսն է, որ քաղաքին մի կում արվեստ է տալիս: Առեւտրական աճպարարության եւ պետական օպտիմալացման սպառնալիքի ներքո քանդվում է եւս մշակույթի մի օջախ:Կապիտալը խժռում է այն ամենը, ինչ ծառանում է իր շահի առաջ: Կուլ է գնում հոգեւոր Հայաստանը: Առանց երկրի համամասն զարգացման չկա հզոր հայրենիք: Ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում: Մենք ունենք ռախիտիկ գլուխ՝ մարմնի թերաճ վերջույթներով: Ալավերդու պատկերասրահի հետագա գոյությունը կարող է լինել լակմուսի այն մեծ թուղթը, որը ցույց կտա, թե հանուն ինչի մենք պայքարեցինք ու հաղթեցինք: Առանց մշակույթի չկա հոգեւոր հայրենիք: Առանց հոգեւոր հայրենիքի չկա բարձրարժեք կյանք: Առանց հոգու մարդ մեռանի… Այլապես ինչի՞ համար են հեղափոխությունները, երբ մեր հոգում քաղց է, տատասկ ու անապատ… Մի՞թե սրան էինք արժանի… Չէ՞ որ մենք  վեհագույնն էինք հյուսիսային ազգերի մեջ: Թերեւս, Խորենացու հղացքով: Հիմա հյուսիսն ավելի է հյուսիս բարձրացել: Հյուսիսայիններն արդեն մեզ վերեւից են նայում: Համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչը՝ Ալբերտ Ստեփանյանը, իտալացի բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր Արտաշատի ավերակներում: Նրանց ոտքի տակ Արտաշիսյան դինաստիայի երբեմնի հզորագույն քաղաքը խղճուկ քարակույտ էր թվում: Եվ երբ նրանք՝ Հռոմեական կայսրության փառքից շլացած ժառանգորդները, արտահայտում են իրենց հեգնանքը, հայ պատմաբանն այլեւս չի կարողանում զսպել իր վրդովմունքը. - Պարոնայք,- ասում է,- զգույշ դրեք ձեր ոտքը գետնին… մեկ էլ տեսաք՝ տակից Կրասոսի գլուխը դուրս եկավ… Հիշո՞ւմ եք, Հայոց Արտաշատ փառահեղ քաղաքը մեր թվարկությունից առաջ 53 թվականին… Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի բեմադրության ժամանակ, երբ ներս է մտնում հույն դերասն Յասոնը՝ բուտաֆորիայի փոխարեն Կրասոսի կտրված գլուխն  ուսերին։ «Մենք գալիս ենք սարերից եւ բերել ենք հարուստ որս»,- ասում է նա պաթետիկ ձայնով  ու Հռոմեական  եռապետի  արյունաշաղախ գլուխը շպրտում հայոց Արտավազդ  եւ պարսից Որոդես արքաների ոտքերի տակ…  Հիշո՞ւմ եք… Այո՛, զգույշ դրեք ձեր ոտքը հայոց հինավուրց հողին… Այստեղ համաշխարհային պատմության մի ուրույն հանգրվան է ննջում… Թող ոչ ոք չուրախանա ներկա թշվառության համար: Մենք կրկին պիտի վեր հառնենք: Մեկ այլ ճանապարհ Հայաստանը պարզապես չունի… Սիրո մասին եմ գրում, բայց էլի ու էլի սիրո պակաս զգում: Իմ ուզածն ի՞նչ է… բացել գրքերիցս մեկն ու մի պահ կտրվել առօրյա աշխարհից: Ես Ձեզ ամենեւին էլ չեմ կտրում աշխարհից, պարզապես հրավիրում եմ մեկ այլ երկիր՝ իմ հորինած աշխարհը… Ես այն հորինել եմ սիրով, միայն թե վայելքի պակաս ունեմ: Միայն թե էս աշխարհն իմ աշխարհին խանգարում է: Փեշից ձգում է… Կյանքի ճահիճն իր ծանծաղուտն է տանում, որտեղ, ճիշտ է, իրական կյանք է, բայց մեր ուզածը չէ: Մինչդեռ կարելի էր, չէ՞, գրքի մեջ ապրել, հենց այդպես՝ գիրքը բացել ու մտնել ներս… Կարելի է, չէ՞, մի պահ կանգ առնել. երես թեքել կորուստներից, զրկանքներից, քաղցից, տառապանքից, վախից, վշտից, մթից, տապից, ցրտից, ամպից ու որոտից… Պարտադի՞ր է Գյոթեն ասի՝ կանգ առ, ակնթարթ… Ակնթարթը Ձեր մեջ է… Չէ՞ որ մենք ենք ստեղծել ժամանակը… Պարտադիր էլ չի, որ Նիկոլը ստեղծի մեր երազանքի Հայաստանը: Մենք ենք մեր երազի տերը: Ուրիշը ուրիշի փոխարեն չի երազի… Փրկությունը մեր մեջ է, իսկ մենք կուռքեր ենք պաշտում՝ «դուխով» գլխարկներով… …Պատերազմն ավարտվել էր, իսկ գյուղում կռիվը դեռ շարունակվում էր: Քաղց էր ու զրկանք: Հացը կուպոններով էին բաշխում, այն էլ՝ միայն բանվորներին: Գյուղացին մասնաբաժնից զուրկ էր: Գերիշխողը բանվոր դասակարգն էր: Դարբնանց Գիգոլի էրեխեքն էդքանը չէին հասկանում՝ սարի դոշին մոր փեշից բռնած՝ սպասում էին, թե երբ պիտի հերը գա ու իրենց մի կտոր սեւ հաց բերի: Էրեխեքը չէին հասկանում, բայց հո Գիգոլը լավ էր հասկանում… Գնում է Ախթալա ու երկաթուղու դեպոյի բանվորի անվան տակ հերթ կանգնում, որ էրկու-իրեք կուպոնի հաց առնի, տանի էրեխանցը հասցնի: Էն էլ ախթալեցիք շնողնեցու խորամանկությունը հասկանում են, ասում են՝ սա բանվոր չի, գեղացի ա, ու թեւից քաշելով՝ դուրս հանում: Էրեխեքը՝ հրեն, սարի դոշին մոր փեշից բռնած՝ հմի աչքները երեւի ջուր կտրեց… Գիգոլը գլուխը ո՞ր քարովը տար… Գնում պտտվում ա, պտտվում ու ծածուկ էլի գալիս խցկվում հերթի մեջ: Անաչառ ախթալեցիք էլի նկատում են օրինազանցին ու պրոպկի պես հերթից դուրս թռցնում: Էդպես եւս մի քանի անգամ: Վերջին անգամ, երբ նրան կրկին հերթից դուրս են գցում, Դարբնանց Գիգոլը կատաղում ա… Հա՛, կացին ախպերը կատաղում ա… Ինքն էլ չի հասկանում իր արածը: Վրա ա ընկնում պատին խփված մուրճ ու մանգաղին: Գլխավերեւը կարմիր պաստառին գրված էր․ «Բանվոր-գյուղացիական դաշինքն անխախտ է»… Գիգոլն էդքան անգրագետ չէր, որ էդքանը չհասկանար: Մուրճ ու մանգաղը պատից պոկում ու ջղային-ջղային՝ մանգաղն ա ուզում մուրճից անջատել: Ասում ա․ «Դե որ ինձ հաց չեք տալիս, ես իմ փայ մանգաղը տանում եմ…»։ Բանվոր-գյուղացիական անքակտելի դաշինքը սպառնալիքի տակ էր: Դրա համար հո գիտեք, թե ինչ էր հասնում: Ընտանիքի սովալլուկ վիճակը մարդուն զրկել էր զգոն բանականությունից: Սա ինչո՞ւ պատմեցի: Էլի հեռվից եմ գալիս: Ինչքան գիտեք, մեր իշխող կուսակցության անունը «Քաղաքացիական պայմանագիր» է: Այսինքն, մեր հետ քաղաքացիական պայման է կապվել, մենք էլ մեր ձայնը տվել ենք հանուն պայմանի իրագործման: Բայց ոնց որ ընթացքն այնքան էլ սրտովս չի: Ես էլ եմ նույն գյուղից: Մեկ էլ տեսաք՝ Դարբնանց Գիգոլի պես կատաղեցի… Հիմա էլ հո սիբիրներից վախեցող չկա՞… Ի՞նչ պիտի ասեն… Շատ-շատ՝ պիտի ասեն. - Բա՛ պայմանը, պայմանը… Դատարկ խոսքի համար ձեռքը գրպանը չեն տանում: Կասեմ. - Դրա մասին էլ դուք մտածեք… Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am