Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն

  Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Կառավարության՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշման առնչությամբ։

Ապրիլի 17-ին Կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանություններին, որ տարիներ առաջ նրանց ներկայացուցիչների և լրագրողական հասարակական կառույցների ղեկավարների միջև քննարկումներ են ընթացել մեդիային պետական աջակցություն ցուցաբերելու և այդ նպատակով մշտական գործող հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։ Այդ գաղափարը լավագույնս իրագործելու նպատակով մեր կողմից կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրություններ, որոնք կարևոր են Հայաստանի համար օպտիմալ մոդել մշակելու տեսանկյունից։ Ցավոք, վերոհիշյալ գործընթացը դադարեցվեց, իսկ այն վերսկսելու մեր փորձերին իշխանությունն առայժմ չի արձագանքել։  Փոխարենը Կառավարությունն առանց պատշաճ քննարկումների ընդունում է անակնկալ որոշում՝ միայն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մեդիային աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս գաղափարը որևէ կապ չունի նախորդ գործընթացների հետ, ինչի առնչությամբ հայտնում ենք մեր ափսոսանքն ու մտահոգությունը։

Դեռևս 2022 թվականին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ԶԼՄ-ների հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն կամ ոլորտին վերաբերող որոշում կյանքի չի կոչվի առանց մասնագիտական հասարակական կառույցների հետ քննարկման և գործակցության։ Այդ առնչությամբ ստորագրվել է եռակողմ հուշագիր ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և 10 լրագրողական կազմակերպությունների միջև։ Ընդ որում, այդ փաստաթղթի տակ Արդարադատության նախարարության՝ որպես մեդիայի հարցերով պրոֆիլային մարմնի ստորագրությունը ենթադրում էր, որ տվյալ կառույցը ներկայացնում է Կառավարությունը, սակայն իրականում ստացվում է, որ Հուշագրի դրույթներին որոշ չափով հետևում է միայն այդ նախարարությունը։ Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ մեդիա ոլորտում հետևողական, հայեցակարգային քաղաքականություն իրականացնելու և օրենսդրական բարեփոխումներ կատարելու վրա։

Մենք արձանագրում ենք, որ Կառավարության վերոհիշյալ որոշման ընդունմամբ իշխանությունը խախտել է Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունը, ինչն առաջին դեպքը չէ. նույնը տեղի է ունեցել անցյալ տարի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե ստեղծելու և դրան նախորդող օրենսդրական փոփոխությունների գործընթացում։

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշումը, ինչպես նաև ինդուստրաիալ կոմիտեի ձևավորման օրենսդրական կարգավորումները պետք է դառնային մեդիա ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչներ և արդիական հայեցակարգային մոտեցումների արդյունք։ Վերջիններս, իրենց հերթին, ենթադրում են միջազգային միտումներին համահունչ ներառական գործընթացներ և տեխնոլոգիական հարթակների միջև ընտրողականության բացառում։ Մինչդեռ երկու դեպքում էլ նախաձեռնությունները հասցեագրված են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին։

Մենք կարևորում ենք հանրօգուտ բովանդակության լայն տարածմանը նպաստելու և այդ նպատակով աջակցություն տրամադրելու պետության պատրաստակամությունը, հատկապես ԱՄՆ միջազգային աջակցության կտրուկ նվազեցման պայմաններում, սակայն հաշվի առնելով նաև լսարանի սպառողական կողմնորոշումներում տեղի ունեցող փոփոխությունները՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին։

Մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու և տարածելու համար գոյություն ունի Հանրային հեռուստառադիոընկերություն, և հարց է առաջանում, թե արդյո՞ք այն բավարար կերպով չի կատարում իր այդ առաքելությունը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառները, և արդյո՞ք դրանց հաղթահարմամբ չէ, որ պետք է զբաղվել առաջնահերթ։ Կամ եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ։

Բացի այդ, ըստ օրենքի, լիցենզավորված մասնավոր հեռուստաընկերությունները մրցույթների միջոցով արդեն իսկ ստացել են արտոնություններ, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք, և դրա դիմաց պարտավորված են ապահովել մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ՝ շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոս ծավալով, և հիմա ենթադրվում է գումարներ հատկացնել այն գործառույթի համար, որն այդ ընկերությունները պարտավոր են իրականացնել օրենսդրորեն և որն ի սկզբանե լիցենզիա ստանալու պայման է եղել։

Նշված խնդիրների հիմքում մեդիա ոլորտի օրենսդրության նկատմամբ հատվածային, ոչ հայեցակարգային վերաբերմունքն է։ Այն դրսևորվել է, մասնավորապես, 2020թ․ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում՝ հանրային մուլտիպլեքսի ձևավորմանը և վերգետնյա հեռարձակման համար թվային ծառայություններին վերաբերող անարդյունավետ լուծումներով, որոնց մասին այն ժամանակ էլ բարձրաձայնում էինք։ Ցավոք, այսօր էլ նույն միտումների ականատեսն ենք դառնում։

Ակնհայտ է նաև մեկ այլ էական հանգամանք․ հիմնադրամի կանոնադրության նախագծի մեջ մի կողմից նշվում է, որ անթույլատրելի է միջամտությունը հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, մյուս կողմից՝ որ աջակցությունը միտված է պետության ուղերձները հանրայնացնելուն։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա կյանքի կոչվելու այսօրվա բևեռացված հեռարձակման ոլորտում։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը․

ժամանակավորապես կասեցնել ապրիլի 17-ին ընդունված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման կատարումը և վերանայել դրա հիմքում դրված մոտեցումները,
նախաձեռնել քննարկումներ շահագրգիռ շրջանակների հետ՝ այդ որոշման հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը վերլուծելու նպատակով,
հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ մշակել՝ ամբողջ մեդիաոլորտի զարգացման և այդ նպատակով պետական աջակցություն իրականացնելու համար։
 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ  

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am