«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի կանայք

Mar 03, 2017 Comments Off on «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի կանայք

Ներկայացնում ենք Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի (ՕՐՕ)համամասնական ցուցակի կանանց․

Էլինար Վարդանյան-ցուցակի առաջատարներից է՝ չորրորդ համարը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո շատերի պես հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին, ապա անդամակցեց նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը։ Ժամանակին աշխատել է նաեւ «Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամում։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, մասնագիտությամբ իրավաբան է։

Ցուցակի հաջորդ կին թեկնածուն Սուսաննա Մուրադյանն է, զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։ «Ժառանգություն» կուսակցության անդամ է, մամուլում հայտնի դարձավ, երբ հայտարարեց, որ Անահիտ Բախշյանը կուսակցությունում առանցքային դեմք չի եղել։

Ցուցակի տասներկուերորդ համարն է Լիգիա Մելքումյանը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի ուսուցչուհի։

Արեգնազ Մանուկյան-«Համախմբում» կուսակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակն է։ Մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ լուսաբանել է  հայաստանյան ներքին քաղաքական կյանքը։

Անուշ Խաչատրյան -Համախմբման անդամ է 7 օր կայքի սրբագրիչ։

Ցուցակի 21-րդ համարը ժառանգական Գայանե Աբասյանն է, Ժառանգություն կուսակցության վարչության քարտուղարն է։

Հաջորդը Հայրենուհի Գեւորգյանն է, Համախմբում կուսակցության անդամ, վերջինս չի աշխատում։

Մարգարիտա Ղազարյան-Համախմբում կուսակցության ներկայացուցիչ, չի աշխատում։

Կրկին աշխատանք չունեցող եւ Համախմբում կուսակցության եւս մեկ կին ներկայացուցիչ է Նազիկ Ղարիբյանը։

Այժմ անդրադառնանք զբաղվածություն ունեցող կանանց․ ցուցակում ներկայացված է նաեւ թիվ 19 պոլիկլինիկայի մանկաբույժ Սիրանուշ Զաքարյանը, վերջինս Համախմբում կուսակցության անդամ է։

Համամասնական ցուցակի հաջորդ ներկայացուցիչը ժառանգական Լյուբա Մանուկյանն է, «ՇԵՆ» բարեգործական հասարակական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային պատասխանատուն է։

Մյուս ժառանգականը Գայանե Բաղդասարյանն է, աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնում, մասնագիտությամբ հոգեբան է։ Ի դեպ, 1997-2004 թվականներին աշխատել է Շիրակ հանրային հեռուստառադիո վարչությունում՝ որպես «Ռուսական ալիք» ստեղծագործական խմբի լրագրող եւ հաղորդավար։

Հիշեցնենք, որ Ժառանգություն կուսակցության երկու հայտնի կին գործիչները՝ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրին Ժառանգության՝ այս դաշինքին միանալու պատճառով։

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: