«Ժառանգության» վերջին շանսը

Feb 23, 2017 Comments Off on «Ժառանգության» վերջին շանսը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Ժառանգություն» կուսակցության  վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Այս մասին Hayeli.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ․

-Պարոն Համբարյան, ստացվում է՝ խորհրդարանում ներկայացված Ժառանգություն խմբակցությունում որեւէ ժառանգական պատգամավոր չկա, սա ինչի՞ կհանգեցնի։

-«Ժառանգություն» կուսակցության կազմաքանդման գործընթացը սկսվել է այս խորհրդարանից,  եւ խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ էր, ով իր ուսերին, ժառանգության բրենդի ներքո, խորհրդարան անցկացրեց   Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին, որոնք ԱԺ-ում երբեք չէին հայտնվի, եթե սեփական կուսակցության ներքո հանդես գային։ Ժառանգության կազմաքանդումը սկսվեց այդ ժամանակվանից, իսկ ֆրակցիան խորհրդարանում երբեք գոյություն չի ունեցել, նրանք վարել են սեփական քաղաքականության գիծը, որը բացարձակ չէր համապատասխանում ժառանգության շահերի եւ ծրագրերի հետ, այնպես որ սա սպասելի էր, եւ երեւի թե Զարուհի Փոստանջյանը Ժառանգության վերջին մոհիկանն էր, ով լքեց այդ կուսակցությունը, եւ հայտնի դեմքերից մնացել են երկու հոգի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, եւ վերջ։ Ես կասեմ, որ ընդհանուր առմամբ կուսակցությունները կենդանի օրգանիզմներ են, եւ այն, ինչ որ տեղի է ունենում կուսակցությունների հետ շատ նորմալ է, կուսակցություններ կան ծնվում են, կան՝ մահանում են, ամբողջությամբ փոփոխվում է կազմը։ Իմ կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ինչ-որ թարմություն մտցնել իր ստեղծած կուսակցության մեջ, բայց ինձ թվում է՝ դա նրան չի հաջողվի։

-Ի՞նչ եք կարծում՝ «Ժառանգությունը» կմահանա՞ մոտ ապագայում, քանի որ ստացվում է անցողիկ շեմում միայն Արմեն Մարտիրոսյանն է Ժառանգությունից ներկայացված, Րաֆֆի Հովհաննիսյանը միայն 11-րդն է։

-Եթե նա հայտնվի ԱԺ-ում եւ ընդհանրապես «ՕՐՕ» դաշինքը ներթափանցի խորհրդարան, Ժառանգության կյանքը կերկարի, քանի որ Արմեն Մարտիրոսյանն օգտվելով ԱԺ ամբիոնից եւ պատգամավորին տրված լիազորություններից, փորձ կկատարի ջրի երեսին պահել Ժառանգությանը, եթե ՕՐՕ-ն չհայտնվի ԱԺ-ում, ապա Ժառանգության մահը նաեւ դե յուր կամրագրվի, քանի որ այն շատ վաղուց  է մահացել։

-Ներկայացված դաշինքներից եւ կուսակցություններից ում շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

-Նորաստեղծ դաշինքները  եւ նրանց մեջ ներգրավված թե՛ հին, թե՛ նոր կուսակցությունները  խնդիր ունեն՝ հասարակությանը ներկայանալի լինելու համար, ինչ վերաբերում է նրանց հնարավորություններին, դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ քարոզարշավը դեռ չի էլ սկսել, եւ ամեն ինչ կախված է դրանից, թե ինչպիսի քարոզարշավ կընթանա։ Ես նկատի չունեմ կուսակցությունների ծրագրերը, գաղափարախոսությունը, քանի որ  մեր հասարակությանը այն քիչ է հետաքրքրում, այլ նկատի ունեմ այն սեւ PR-ն ու սկանդալները, որոնք հիմա ակտիվանալու են։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մեզ մոտ ոչ թե գաղափարախոսության կամ ծրագրերի կռիվ է, այլ կոնկրետ անձանց միջեւ է պայքարը, եւ այն վերածվում է տարրական փողոցային պայքարի, որտեղ կիրառվում են անձնական վիրավորանքներ, սկանդալային մեդոթներ, այնպես որ դեռ ժամանակ ունենք մինչ քարոզարշավը։

Պետք է չմոռանալ նաեւ ֆինանսական բաղադրիչի մասին, քանի որ  արդեն հասարակության մեջ քննարկվում է ընտրակաշառքի հարցը, սա էլ ցավոք սրտի, մեծ ազդեցություն ունի։ Մենք ունեցել ենք քաղաքական ուժ, որն ընտրակաշառքի միջոցով 5%-անոց շեմը հաղթահարել է եւ հայտնվել ԱԺ-ում՝ հասարակությանը անծանոթ լինելով, բայց շատ պրոֆեսիոնալ օգտվել է PR տեխնոլոգիաներից եւ ընտրակաշառք բաժանելու մեթոդներից․ պարզվում է՝ դրա համար էլ են մեթոդներ պետք։ Օրինակ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը խորհրդրանում 5-6 պատգամավոր ուներ, այնպես որ մեզ մոտ պայքարում են սկանդալները եւ որ ամենկարեւորն է՝  ընտրակաշառքը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: