Ափսոսում եմ, որ ուշ արեց այդ քայլը․ Բախշյանը՝ Փոստանջյանի մասին

Feb 21, 2017 Comments Off on Ափսոսում եմ, որ ուշ արեց այդ քայլը․ Բախշյանը՝ Փոստանջյանի մասին

Նախկին ժառանգական,  Երեւանի ավագանու «Բարեւ-Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բաշխյանի համար սպասելի էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշումը։

«Զարուհու հետ անցել ենք շատ երկար ճանապարհ, եւ ես ափսոսում եմ, որ ինքը ուշ արեց այդ քայլը, նա պիտի ավելի շուտ աներ եւ շարունակեր քաղաքական գործունեությունը՝ իր գաղափարներին հարիր քաղաքական դաշտում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ լքում է կուսակցությունը, քանի որ «ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ»։

Մեր հարցին՝ արդարացնո՞ւմ  է արդյոք Փոստանջյանի որոշումը, Բախշյանն ասաց․

«Զարուհին այն մարդն է, որի որոշումն  արդարացնելը կամ չարդարացնելն անիմաստ է, ուղղակի ես ափսոսում եմ,  նա այդ քայլը կարող էր ավելի շուտ անել եւ կողմնորոշվել, բայց արեց այն ժամանակ, երբ գնացքն արդեն գնացել է»։

Բախշյանի համար հիմնավոր է Փոստանջյանի բացատրությունը, որ կուսակցությունն իր գաղափարներից հեռացել է․ «հիմնավորումը նույնն է, ինչ հիմնավորմամբ ինքն է դուրս եկել»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ոլորտում է տեսնում Փոստանջյանին, քանի որ ԿԸՀ դիմելու հայտերի ժամկետն արդեն սպառվել է, եւ նա չի կարող լինել հաջորդ խորհրդարանում, Բախշյանն ասաց․

«Ես իրեն պատկերացնում եմ հասարարակական լայնածավալ գործունեության մեջ, ինքը չի կարող լռել, այդ հաճույքը չի պատճառի մյուսներին։ Նա ակտիվ, հայրենասեր մարդ է եւ իր քայլերի մասին կասի»։

Ի դեպ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, որը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել Փոստանջյանի՝ կուսակցությունից դուրս գալը՝ ասելով, որ վաղը մամուլի ասուլիսին կխոսի։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: