Նախագահի կողմից դա մեծություն կլինի

Jul 26, 2016 Comments Off on Նախագահի կողմից դա մեծություն կլինի

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ պետք է բանակցի «Սասնա ծռերի» հետ, կամ իր մոտ կանչի ու զրուցի այդ տղաների հետ, որպեսզի աշխարհին ցույց տա թե ինչքան հումանիստ նախագահ է ինքը.«Միգուցե իր հետ զրուցելուց հետո այդ տղաների մոտ կարծիք փոխվի»,-ասում է Հակոբ Հակոբյանը։

Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

-Պարոն Հակոբյան, ի՞նչ ելք կառաջարկեիք դուք ստեղծված իրավիճակում։

-Բնականաբար, պետք է թույլ չտալ արյունահեղություն՝ անկախ այն բանից, թե մարդիկ ինչ պահանջներ են ներկայացնում, բոլորն էլ հայ են՝ եւ ոստիկանությունը, եւ տղաները, պետք է խուսափել առճակատումից։ Կարելի է ներվերը մի փոքր թուլացնել ու էլի սպասել։ Ինչքան ժամանակ անցնի, մարդկանց ամբիցիաները կթուլանա, ջղայնացած պահերը կանցնի, գուցե տաք գլուխները կսառի, ավելի խորը կմտածեն։ Այս ամենը վնասում է մեր երկրի իմիջին, տարբեր երկրներում ցույց են տալիս երեւանյան դեպքերը, մարդիկ նայում են եւ դա եւս մի քանի քայլ հետ կմղի, որովհետեւ մարդիկ, որոնք պատրաստ էին ներդրում կատարել Հայաստանում, հետ կկանգնեն, վտանգավոր, ռիսկային կհամարեն։

-Երկու կողմերն էլ չեն պատրաստվում զիջել, արդեն անհնազանդության կոչեր են հնչում, խումբը մինչեւ երեկոյան 8-ը ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին։ Նախագահն էլ իր հայտարարության մեջ ասել է, որ այս վիճակը երկար չի կարող շարունակվել, ով պետք է քայլ անի, ինչ է հարկավոր անել, եթե բանակցություններն արդյունք չեն տալիս։

-Ես գտնում եմ, որ նախագահն մինչ այժմ շատ ճիշտ որոշումներ է կայացնում, իսկ եթե էլ ավելի երկարացնի ժամկետը, սպասի, ուրեմն ցույց կտա բոլորիս ու ամբողջ աշխարհին, որ ինքը համբերատար, ժողովրդավարական արժեքների դավանող նախագահ է։ Մարդիկ էդպես են ապրում, պատկերացնում իրենց կյանքը, մեկը հրաժարական է պահանջում, մեկն ուրիշ բան է պահանջում, բայց ՀՀ նախագահը գտնվելով իր բարձրության վրա հանդուրժել է ցանկացած տիպի պահանջներ, որովհետեւ նախագահը չմոռանանք, որ Սահմանադրության երաշխավորն է, կարող է հրաման տալ ու լինի ցանկացած տիպի արյունահեղություն։

-Այսպես թե այնպես խմբի տղաները հայտարարում են, թե անհնազանդության քայլեր են անելու, այսինքն պետք է լուծում գտնել, երեկ գիշերը ոստիկանական մեքենա են այրել։

-Բոլոր երկրներում էլ այրում են մեքենաներ, ձերբակալություններ են լինում, ուրիշ տեղերում «կանգնել» հրամանին չենթարկվելու դեպքում կրակում են , մեզ մոտ հանդուրժող են։ Ի վերջո, այդ մարդիկ էլ պատահական մարդիկ չեն, մարդիկ են, որոնք պատերազմի դաշտով են անցել, զրկանքներ կրել, հիմա էլ ուզում են ավելի լավ ապրել, ամեն մեկը մի մոտեցում ունի։ Պետք է այդ մարդկանց լսել, հասկանալ ինչքանով է իրենց պահանջը հիմնավորված, ինչքանով չափազանցված։Նախագահը կարող է ինքն անձամբ լսել, ինչու ոչ՝ ներում շնորհել։Լավ կլինի, որ նախագահը մեկին կանչի իր մոտ, ասի՝ «արի տենանք ինչ եք ուզում», դա մեծություն կլինի նախագահի կողմից, յուրաքանչյուր մարդու կյանքը նախագահի համար պետք է թանկ լինի, միգուցե այդ զրուցից հետո մարդն իր կարծիքը փոխի։ Մենք աշխարհին այդպես ցույց կտանք, որ ազգասեր ենք, մարդասեր, մեր նախագահը նույնպես էդպիսին ա, հետո աշխարհը մեզ մատնացույց կանի։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: