Եթե ոչ նախագահը, ապա խոշոր պաշտոնատար անձ պետք է խոսի ու բացատրի.ՀՀԿ-ական

Jul 22, 2016 Comments Off on Եթե ոչ նախագահը, ապա խոշոր պաշտոնատար անձ պետք է խոսի ու բացատրի.ՀՀԿ-ական

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակից հետո իշխող Հանրապետականի ներկայացուցիչները ընդհատակ են անցել, նրանք կարծիք չեն հայտնում, չեն վերլուծում իրավիճակը, որից էլ ավելի է մեծանում իրավիճակի վերաբերյալ անորոշությունը։ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ եթե ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա որեւէ բարձրաստիճան պաշտոնյա պարտավոր է խոսել, հայտարարություն անել։

Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվողՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

-Պարոն Պետրոսյան, չորս օր է Երեւանում ծայրաստիճան լարված իրավիճակ է, բայց որեւէ տեղաշարժ չի նկատվում։ Ինչպես եք պատկերացնում ելքը, ով պետք է քայլ անի եւ ինչ է հարկավոր այս պարագայում։

-Ես կարծում եմ, որ հարկավոր է շարունակել բանակցությունները, որպեսզի խուսափենք արյունահեղությունից։

-Հաշվի առնելով ապստամբ խմբի առաջ քաշած պահանջները, կարծում եք բանակցությունները արդյունք կտա՞ն ու որը կլինի փոխզիջումային տարբերակը։

-Այո, իրենք կարծես թե անհավանական պահանջներ են առաջ քաշում՝ նախագահի հրաժարական, ինչը հնարավոր չեմ համարում, Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել, որ նույնպես իշխանությունները չեն գնա։ Միակ կոմպրոմիսային տարբերակը, որ պաշտոնատար անձինք գնան եւ այդ տղաներին հայտարարեն, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվի, այլ օրինական ճանապարհով ամեն ինչ կլինի։

-Իսկ համաձա՞յն եք, որ այս իրավիճակը ստեղծվեց իշխանության վարած քաղաքականության պատճառով։

-Ես չեմ կարող այդպիսի բաներ ասել։

-Վարկածներ են առաջ քաշվում, որ դրսի ուժերի միջամտությամբ տեղի ունեցավ ապստամբությունը։

-Ես չեմ հավատում ու կարծում եմ, որ խնդիրը, փաստորեն, քաղաքական է։ Իսկ քաղաքական խնդիրները պետք է լուծել ոչ թե բռնության ճանապարհով, այլ ընտրությունների։

-Իրենք հայտարարում են, որ Հայաստանում վերջին բոլոր ընտրությունները կեղծվել են, հանրահավաքներով հնարավոր չէ հասնել իշխանափոխության։

-Չեմ կարծում, որ կեղծվել են, հիմա էլ նոր Ընտրական օրենսգիրք ունենք, ուղղակի ընդդիմությունը միասնական չէ, դրա համար էլ մեծամասնություն չեն կարողանում լինել։ Ընդդիմությունն էլ իշխանության պես պիտի համախմբված լինի ու փորձի իշխանության հասնել, ուրիշ ճանապարհ չկա։ Հեղափոխություններ պետք չեն։

-Ինչու է Սերժ Սարգսյանը լռում եւ կարծում եք այդ լռությունը իշխանության օգտի՞ն է։

-Կարծում եմ, որ եթե ոչ նախագահը, ապա նրա հանձնարարությամբ խոշոր պաշտոնատար անձ պետք է հանդես գա եւ բացատրի, որ էդպես հարցեր չեն լուծում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: