Սարի թաղում ուժեղացված հսկողություն է

Jul 20, 2016 Comments Off on Սարի թաղում ուժեղացված հսկողություն է

18:37

Տեղեկություններ են տարածվել, որ Սարի թաղում ուժեղացված հսկողություն է, և, որ դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, երեկվա միջադեպի հնարավոր մասնակիցներին իրավապահները ձերբակալում են: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Սարի թաղ կոչվող թաղամասում երեկ ոստիկանների ու տեղի բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է մեկ անձ:
Հաղորդագրության մեջ ասվում էր.

«Իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Ոստիկանության 6 աշխատակից։

Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել և ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառած, տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: