Ռուսաստանը դադարեցրել է ուկրաինական ապրանքների տրանզիտն իր տարածքով

Jan 05, 2016 Comments Off on Ռուսաստանը դադարեցրել է ուկրաինական ապրանքների տրանզիտն իր տարածքով

 

Ավելի վաղ կայացված որոշումների կատարման շրջանակում Ռուսաստանը ամբողջովին դադարեցրել է ուկրաինական ապրանքների տրանզիտն իր տարածքով:

Այս մասին ասված է Ուկրաինայի Տնտեսական զարգացման ու առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ:

«Ուկրաինայի Տնտեսական զարգացման ու առեւտրի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 4-ի դրությամբ Ռուսաստանի դաշնությունն ամբողջովին դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների տրանզիտն իր տարածքով: Այս արգելքը անարդար է ու խտրական է: Այսպիսով, ռուսաստանցիները խախտել են իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել էին մասնավորապես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը իրենց անդամակցության ու 2011 թ. հոկտեմբերի 18-ին կնքված Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Ընդ որում Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունից պարզաբանել են, որ 2016 թ. առաջին օրերին ընդունված ռուսական օրենսդրությունով Ուկրաինայից ապրանքների տրանզիտի որոշ սահմանափակումներ են նախատեսվում: Նախարարության տվյալներով, նման սահմանափակումներ է նախատեսում մասնավորապես ՌԴ նախագահի թիվ 1 հրամանը «Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի դաշնության տարածքով Ղազախստանի հանրապետություն ապրանքների տրանզիտային փոխադրումների ժամանակ Ռուսաստանի դաշնության տնտեսական անվտանգության ու ազգային շահերի պաշտպանության միջոցառումների մասին»: Այս կապակցությամբ Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունը ուկրաինական ընկերություններին կոչ է արել հաշվի առնել այս տեղեկությունը՝ փոխադրումները կազմակերպելիս:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: