Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել

Feb 23, 2019 Comments Off on Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի երեկվա պարզաբանումը` Քոչարյանի ընտանիքի հետ կապված, իր մեջ պարունակում էր հետաքրքիր նյուանսներ:
Այն հարցին, թե չի կարծում, որ Քոչարյանի հանդեպ վենդետա է տեղի ունենում, նա մի պահ շփոթվեց, և հերքելով այս վարկածը, սկսեց դրական գնահատականներ հնչեցնել ՀՀ 2-րդ նախագահի հասցեին:

Նախ նա հիշեցրեց, որ սպա է, աշխատել է անվտանգության համակարգում նաև Քոչարյանի կառավարման տարիներին և շատ հարցերում դրական է գնահատում այդ ժամանակահատվածը:

Հաշվի առնելով ներկա պահը և այն հարաբերությունները, որը հաստատվել են ներկա իշխանության և Քոչարյանի միջև, Վանեցյանի այս գնահատականները իսկապես հետաքրքիր են դառնում:

Փորձենք հասկանալ, թե ինչ դա կարող է նշանակել:

Վարկած առաջին

Վանեցյանի այս խոսքերը պատահական են ստացվել, և այստեղ գլխավոր մեղավորը պարոն Ֆրեյդն է: Բանն այն է, որ Վանեցյանը այս իշխանության այն եզակի դեմքերից է, ով քիչ թե շատ պետական մտածողություն ունի: Դա ցույց տվեցին գաղտնալսումները, որտեղ նա փորձում էր Փաշինյանին ու ՀՔԾ պետին բացատրել, որ բացի անձնական քաղաքական խնդիրներից կան նաև պետական շահեր: Նա իսկական սպա է և չի ուզում խառնվել «կեղտոտ» գործերի մեջ: Սակայն մեծ քաղաքականությունը ստիպում է նրան գնալ կոմպրոմիսների, բայց այստեղ նա փորձում է ձևավորել իր համար յուրօրինակ «կարմիր գծերը», որից այն կողմ չի անցնի:

Նա հավանաբար հարգում է Ռոբերտ Քոչարյանին՝ մի քանի պատճառներով: Նախ, որպես սպա, տեսել է 2-րդ նախագահի քաղաքականության դրական արդյունքները շատ ոլորտներում: Բացի այդ, Վանեցյանի հայրը գործարար է, և չէր կարող չնկատել, որ հենց Քոչարյանի տարիներին է Հայաստանում իրականացել իսկական «տնտեսական հեղափոխություն», որի արդյունքում երկրի տնտեսությունը այն ժամանակ զարգանում էր երկնիշ ցուցանիշներով: Եվ քանի որ դրա մասին գիտի երկրի ողջ տնտեսական վերնախավը, ապա վանեցյանների ընտանիքի պատկերացումները այս հարցում բացառություն չեն կարող լինել:

Այդ իմաստով Վանեցյանի ու Փաշինյանի պատկերացումները Քոչարյանի մասին արմատական են տարբերվում: Փաշինյանը կայացել է որպես գործիչ , այսպես ասած, «հակաքոչարյանական միջավայրում», ի տարբերություն Վանեցյանի, ով տեսել է Քոչարյանի դրական կողմերը:

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Վանեցյանի այս դրական գնահատականը երեկ ոչ մի հեռուստաընկերություն չլուսաբանեց, բացառությամբ 5-րդ ալիքի: Հավանաբար ԱԱԾ-ի «խնդրանքն» այս հարցում հեռուստաընկերությունների համար դեր է ունեցել:

Վարկած երկրորդ

Վանեցյանը կանխամտածված է դրական արտահայտվել Քոչարյանի հասցեին, քանզի «չի ուզում փչացնել անձնական հարաբերությունները քոչարյանների ընտանիքի հետ»: Այս վարկածը նա ուղիղ ակնարկեց, նշելով, որ պարզապես «իր գործառույթի մեջ է մտնում դա»: Սա յուրօրինակ մեսիջ էր, որ ինքը և իր կառույցը այս հարցում «պատասխանողի դերում են, այլ ոչ թե նախահարձակվողի»:

Վարկած երրորդ

Վանեցյանը այն եզակի գործիչներից է Փաշինյանի թիմում, որի հանդեպ Մոսկվայում դրական են վերաբերվում, ինչը հասկանալի է: ԱԱԾ-ն և ՊՆ-ն այն կառույցներն են, որի ղեկավարները չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ՝ քամահրանքով վերաբերվել Ռուսաստանին: Եվ ի պատիվ Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի, նրանք այս հանգամանքը լավ են հասկանում: Այդ իմաստով նրանք լավ գիտեն, թե ինչ են մտածում Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի մասին: Եվ այս հանգամանքը նույնպես կարող էր դեր ունենալ, երբ Վանեցյանը խոսեց Քոչարյանի դրական կողմերի մասին: Սա յուրօրինակ մեսիջ էր՝ ուղղված Մոսկվային: Բայց քանի որ դա արտաքին լսարանին էր ուղղված, հեռուստաընկերությունները այդ հատվածը ներքին լսարանի համար ԱԱԾ-ի խնդրանքով չլուսաբանեցին:

Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ Վանեցյանը գտնվում է բավականին բարդ վիճակում:Մի կողմից նա պետք է բավարարի Փաշինյանի քաղաքական պահանջները, իսկ մյուս կողմից նա ունի բնական «կարմիր գծեր», որից այն կողմ չի կարող անցնել: Հասկանալի է, որ նման աշխատանքի համար Վանեցյանին ամենօրյա մեծ քանակի «կաթ ու մածուն է» անհրաժեշտ լինելու, քանզի եթե իր այս բալանսավորման դաշտը նեղանա, ապա նա կարող է և կորցնել իր պաշտոնը: Սակայն այդ դեպքում նա կարող է մինիմալ կորուստներով դուրս գալ, քանզի կորցնելով պաշտոնը, չի կորցնի իր սպայի և մարդկային պատիվը, ինչը հատկապես կարևոր է, այսպես ասած, «քաղաքի տղայի» համար:

Սա է իրականությունը:

zham.am 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: