Պետական ծառայությունը չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն.վարչապետ

Feb 11, 2019 Comments Off on Պետական ծառայությունը չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն.վարչապետ

«ՀՀ կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին  : Խնդիր կա սուբվենցիոն ծրագրերով իրականացնել հատկապես ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:  Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է:  Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,- համայնքապետերի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«  Հայաստանում համայնքների ղեկավարները տարբերվում են իրենց անցած ճանապարհով, կենսագրությամբ, արժանիքներով: Իմ ընկալմամբ «միջին վիճակագրական» համայնքի ղեկավարը պետք է վայելի համայնքի աջակցությունը: Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին համայնքներում, բայց որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են: Սա զարմանալի իրականություն է: Զարմանալի է, որ դա հանդուրժվում է նաև հանրության կողմից»,-ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ իր համար և ՀՀ կառավարության ու ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող:

«Ես ուզում եմ արձանագրել, որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի, ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության հիմքը հանրային հարստության բազմապատկումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի:

Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,-նշեց նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի, որը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: