Ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի. Փաշինյան

Nov 09, 2018 Comments Off on Ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի. Փաշինյան

Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս մասին Աստանայում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երեւույթների եւ դրանց լուծման մասին հարցին:

Նրա խոսքով, այս տարվա ապրիլին իրենք հասել են մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը եւ ասել, որ այսպես շարունակել չի կարելի:«Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է եւ իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի:

Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն:

Մեր երկրին հասցվել են վնասներ, եւ ներքին, եւ արտաքին քաղաքական միջավայրում: Որեւէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին եւ գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: