ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը ամփոփիչ հռչակագիր է ստորագրել

Nov 08, 2018 Comments Off on ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը ամփոփիչ հռչակագիր է ստորագրել

Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել Աստանայում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է 2018-2019թթ. ՀԱՊԿ-ում՝ Ղրղզստանի նախագահության ընթացքում, իրենց առաջնահերթությունները:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: