Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է

Oct 20, 2018 Comments Off on Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Այնուհետև նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում՝ համապատասխան եզրակացությունով և ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ»,- ասաց նա։

Լիլիթ Գորգինյանը հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արդեն իսկ դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համար։

Նշենք, որ երեխաները մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: