Պատերազմի «դաբրոյի» հարցը՝ Փաշինյանի ու Ալիևի մտքում

Sep 19, 2018 Comments Off on Պատերազմի «դաբրոյի» հարցը՝ Փաշինյանի ու Ալիևի մտքում

Հայ-ադրբեջանական սահմանին Բաքուն լարվածություն է պահպանում: Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, կրակ է բացել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին, «Արմենպրես»-ին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են արձակել Արենի գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, Sputnik Արմենիային ասել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», — ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ինչպես նշել է ՊՆ խոսնակը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 15-ին 23։45-ի սահմանում կրակ էին արձակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով տուժել էր գյուղացիներից մեկը՝ 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը, որը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Իսկ Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Ավելի վաղ Ադրբեջանը գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

Որո՞նք են դրա պատճառները: Այս հարցին պատասխանելու համար պետք է  նախ արձանագրել, որ պաշտոնական Բաքուն վաղուց էր որդեգրել բանակցությունները տապալելու քաղաքականություն՝ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին:

Հայաստանում կառավարության փոփոխությունը, ներքաղաքական բուռն զարգացումները, կարծես, պարարտ հող են ստեղծել Ալիևի համար նոր լարվածություն ստեղծելու համար:

Դատելով Ալիևի վերջին օրերի հայտարարություններից՝ ուղղված Հայաստանի ուղղությամբ, զորավարժություններում Հայաստանը թշնամի պետություն նախանշելը՝ Ալիևը կարող է «խաղարկել» 2016թ. ապրիլյան պատերազմի սցենարը:

Ու այստեղ հաջորդ տրամաբանական հարցը, որը ծագում է՝ հետևյալն է, ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, որը ապրիլյան պատերազմից 2 հետո ստանձնեց զինադադար կնքելու միջնորդի դերը:

Այս հարցադրումը, վստահաբար ունեն իրենց գլխում թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը: Նիկոլ Փաշինյանն էլ մի առիթով Ռուսաստանին անուղղակիորեն Արցախում պատերազմի վերսկսման պատասխանատու համարեց, հասկացնել տալով, թե չի կարծում, որ Ռուսաստանին ձեռնտու կլինի պատերազմի բռնկումը:

Այնպես որ, պատերազմի մեկնարկի «դաբրոյի» հարցը բոլորի գլխում է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: