Ամերիկացիները կորոշեն` ինչպիսին կլինի ռուբլու կուրսը. Պուտինը սպասում է

Sep 19, 2018 Չի մեկնաբանվել

Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի միացյալ նահագների կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլու փոխարժեքը շարունակում է անկում ապրել: Հայաստանում այս օրերին ռուբլին  գնվում է 6.85  դրամ նվազագույն և 7.05  դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.11 դրամ նվազագույն և 7.30 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական բանկերն այսօր 1 դոլարը գնում են միջինը 69,3 և վաճառում 69,5ռուբլով: Թեև նախորդ օրվա համեմատ ռուբլին փոքր ինչ արժևորվել է, ինչի արդյունքում փոխարժեը նախորդ օրվա 69,9 ռուբլուց բարձրացել է 69,5-ի, սակայն ամերիկյան պատժամիջոցները շարունակում են լրջորեն ազդել ռուսական ռուբլու փոխարժեքի վրա:Ռուս փորձագետները ռուբլու հետագա ճակատագրի համար երկու սցենար են կանխատեսում` լավ և վատ: Լավատեսական կանխատեսումների իրականացման դեպքում ռուբլու կուրսը կարող է կայունանալ և փոքր ինչ արժևորվել` հասնելով 65 ռուբլու 1 դոլարի  դիմաց: Բայց այս սցենարի իրագործման համար մասնագետները երեք կարևոր նախապայման են մատնաշում` եթե Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորվեն և չեղյալ արվեն պատժամիջոցները, եթե նավթի միջազգային գների  չնվազեն և ռուսական տնտեսությունում ավելանան վայլուտայով` տվյալ դեպքում դոլարով արտահայտված ներդրումները:  Վատատեսական սցենարի դեպքում, եթե շարունակվի Արևմուտքի հետ հակամարտությունը, նավթի գինը շարունակաբար էժանանա և հասնի ընդհուպ մինչև մեկ բարելի դիմաց  40 դոլարի, իսկ իշխանություններն էլ չկարողանան ապահովել տնտեսության աճը, ապա ռուբլու կուրսը կշարունակի գահավիժել` հասնելով 75 ռուբլու  1 դոլարի դիմաց:Փորձագետներյն ասում են, որ  օգոստոսի վերջից գործադրված ամերիկյան պատժամիջոցների չլինելու դեպքում` ռուբլու փոխարժեքը 1 դոլարի դիմաց կարող էր կազմել 50-55 ռուբլի:

Այս տարվա նոյեմբերի 6-ին Ամերիկյաի Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու պառլամենտական ընտրությունները: Ռուսական կողմը հույսեր չի տածում, որ խնդիրը մինչ այդ կկարգավորվի, որովհետև Վաշինգտոնի ազդեցիկ քաղաքական ուժերին, ընտրողների համակրանքը շահելու տեսանկյունից , ձեռնտու է  արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել հակապուտինյան թեզերով: Նոյեմբերի 6-ից հետո սակայն պարզ կդառնա` Արևմուտքը կշարունակի տանջել Ռուսաստանին, թե այնուամենայնիվ հնարավոր կլինի լեզու գտնել ու ընդհանուր հայատարարի գալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանագրով արգելվեց ամերիկյան մի շարք արտադրանքների արտահանումը Ռուսաստան:Ըստ այդմ` արգելվում է բարձր տեխնոլոգիաների, սենսորային ապրանքների ու էկրանների ներմուծումը: Արգելանքի տակ են հայտնվել նաև այնպսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են նավթի վերամշակման ընթացքում:Փաստորեն, առնվազն երկու ամիս ռուսական տնտեսության դեպրեսիան անխուսափելիորեն շարունակվելու է: Այս գործընթացն իր բացասական հետևանքն է թողնում նաև Հայաստանի վրա: Առաջինը` ռուբլու ճգնաժամով պայմանավորված կարող են նվազել ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերները: Եթե անգամ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները Հայաստան ուղարկեն նույն չափի գումար, ապա ցածր փոխարժեքի պատճառով մենք ունենալու ենք գնողունակության անկում` դրանից բխող սոցիալական և տնտեսական հետևանքներով: Բացի այդ, քանի որ հայկական արտադրանքի համար ավանդական է համարվում ռուսական շուկան, ռուբլու ցածր փոխարժեքը բացասական հետևանք կունենա նաև արտահանման ծավալների վրա:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ամերիկացիները կորոշեն` ինչպիսին կլինի ռուբլու կուրսը. Պուտինը սպասում է”

Մեկնաբանել