Արտակարգ դեպք Արմավիրի մարզում

Aug 10, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արմավիրի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում: Այդ օրը ժամը 15:00-ի սահմաններում ԶՊՎ-ի թիվ 3-րդ խցում ձերբակալված Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Աֆրիկյանը պոկել է խցի ռադիոընդունիչի ալեհավաքը և դրանով կատարել ինքնավնասումներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա ստացել է աջ դաստակի շրջանի քերծվածքներ, աջ ուսային գոտու սալջարդ, կրծքավանդակի ձախ շրջանի քերծվածք և աջ վերին վերջույթի այրվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այրել է խցում եղած ներքնակն ու սավանը: Բարեբախտաբար, այդ պահին ԶՊՎ-ի ոստիկանները նկատել են դա և կանխել հետագա զարգացումները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Հ. Աֆրիկյանը Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված է եղել ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: