Անգամ մեկ զինվորի տեղաշարժ չէր կարող կատարվել առանց Ռոբերտ Քոչարյանի իմացության. Արմեն Խաչատրյան

Jul 12, 2018 Comments Off on Անգամ մեկ զինվորի տեղաշարժ չէր կարող կատարվել առանց Ռոբերտ Քոչարյանի իմացության. Արմեն Խաչատրյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, վկայակոչելով Հայաստանի նախկին Սահմանադրությունը, նշում է` 2008-ի մարտի 1-ին չէր կարող սահմանից դեպի կենտրոն որևէ զորամիավորման տեղաշարժ կատարվել առանց այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի իմացության։

Խաչատրյանը սուտ է որակում Հայաստանի երկրորդ նախագահի՝ «Երևան Թըդեյ» կայքին տված հարցազրույցում արած այն հայտարարությունը, թե ինքը տեղյակ չի եղել 0038 հրամանից։

Արմեն Խաչատրյան. — Չի սազում գերագույն գլխավոր հրամանատարին ցուցմունքներ տալ իր մերձավորների և նաև գործակիցների վրա։ Հայաստանի Հանրապետության նախկին Սահմանադրությամբ, չէր կարող որևէ զորամիավորման տեղաշարժ կատարվեր, ընդ որում՝ սահմանից դեպի կենտրոն, ընդ որում, ըստ իր խոսքերի, երբ սահմանում ահավոր լարված էր իրավիճակը, առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացության։ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անգամ մեկ զինվորի տեղաշարժ չէր կարող կատարվել առանց իր իմացության։ Հարցազրույցի ամենակարևոր սուտը նա է, որ ինքը տեղյակ չէր այդ հրամանից, կամ դա ներքին կարգավորման փաստաթուղթ է։

«Ազատություն». — Դուք կարծում եք, որ ոչ միայն տեղյակ է եղել, այլ նաև իր ցուցումո՞վ է եղել բանակային ստորաբաժանումները ներգրավելը։

Արմեն Խաչատրյան. — Տեսեք՝ ինքը սլաքն ուղղում է Երկրապահի վրա, սլաքն ուղղում է արդեն մահացած Գորիկ Հակոբյանի [ԱԱԾ նախկին պետ] վրա, մեղադրանքի կամ հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի [պաշտպանության նախկին նախարար] վրա, բայց հստակ է, չէ՞, որ Միքայել Հարությունյանն առանց Ռոբերտ Քոչարյանի բանավոր առնվազն հրամանի… Հայաստանում չեմ կարծում, թե եղել է որևէ մի պաշտոնյա, որ նմանատիպ ցանկություն կհայտներ՝ զորքը բերեր Երևանի կենտրոն։

Վիկտոր Սողոմոնյան, արխիվ
Վիկտոր Սողոմոնյան, արխիվ
«Ազատություն». — Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գալ Հայաստան, հուլիսի վերջին է դա, ըստ նրա, լինելու, և այսպիսի մի ձևակերպում է անում, որ «Քոչարյանը մտավախություն չունի «Մարտի 1»-ի գործի հետ կապված»։ Ձեր կարծիքով՝ նա պետք է մեղադրյա՞լ դառնա, նա այժմ վկայի կարգավիճակ ունի։

Արմեն Խաչատրյան. — Ունենք 0038 հրամանում էդ արտահայտությունը, որ ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի, և ունենք տեսանյութ, որտեղ Միքայել Հարությունյանն ասում է՝ «բանակի ներգրավման համար էդ հարցն ինձ չպետք է տաք»։ Վարույթն իրականացնող մարմինն էս երկու փաստը համադրելով իրար հետ, միգուցե ավելի շատ կան փաստեր, ինձ հայտնի է այս երկու տվյալը՝ փաստական հանգամանքը, էս երկուսն իրար կողք դնելով հասկանում է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքացի և նախկին նախագահ, հրավիրվել է, որպեսզի, ես ենթադրում եմ, որ ցուցմունք տա այս փաստերի մասին, այ երբ որ կպարզվի, որ Միքայել Հարությունյանը նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանին, մասնավորապես, երբ որ ասում է՝ «էդ հարցն ինձ մի տվեք, դուք չգիտե՞ք ում պետք է տաք», ու կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն անցել է նախագահի լիազորություններից և բանակը ներգրավել է ներքաղաքական պրոցեսներին, այդ դեպքում կարծում եմ, որ առկա է հանցագործության կազմը, և այդ պահից սկսած վարույթն իրականացնող մարմինը կարող է նրա դատավարական կարգավիճակը փոխել կասկածյալի կամ մեղադրյալի։

«Ազատություն». — Դուք կարծում եք, որ կա՞ն բոլոր հիմքերը։

Արմեն Խաչատրյան. — Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան, բավարար փաստական ապացույցներ կան։

«Ազատություն». — Լիազորությունները չարաշահելո՞ւ։

Արմեն Խաչատրյան. — Իհարկե, որովհետև պետք է լիազորություններն անցներ, ընդ որում հետևանքն ինչ է եղել, սա շատ կարևոր է՝ հետևանքը եղել է իշխանության յուրացում։ Սկսել են չգործել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածները և 6-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը, որի պարագայում մի խումբ անձինք զավթել են իշխանությունը։

Յուրի Խաչատուրով, արխիվ
Յուրի Խաչատուրով, արխիվ
​«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովըհրավիրվել են հարցաքննության, իսկ այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։

Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ
​Օրերս «Երևան Թըդեյ» կայքին տված հարցազրույցում արտերկրում գտնվող Ռոբերտ Քոչարյանը խոսել էր հույժ գաղտնի 0038 հրամանի մասին՝ պնդելով, որ ձեռնարկված գործողությունները գտնվում էին ՊՆ իրավասության տիրույթում:

«Գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել», — ասել էր Քոչարյանը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: